Սիրիական Ղամիշլի քաղաքից Հալեպ տանող ճանապարհին հայ է առևանգվել: Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ Արմեն Ջուքջուքյանը Հալեպի մոտակայքում իջեցվել է ավտոբուսից և առևանգվել:
Ռեյիսյանի խոսքով` այժմ միջոցներ են ձեռնարկվում հալեպահայ երիտասարդի ազատ արձակելու ուղղությամբ: Հատկանշական է, որ ավտոբուսի մեջ այլ հայեր չեն եղել: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում` արդյոք հալեպահայ երիտասարդից բացի այլ առևանգվածներ կան, թե ոչ: Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա Ռեյիսյանի տեղեկացրել է, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել.մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում հանգիստ է: Այնուամենայնիվ, դիպուկահարների կողմից տհաճ անակնկալների վտանգ մշտապես զգացվում է: Անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին` մամուլի քարտուղարը նշել է, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում վերականգնելու բնակավայրի հոսանքը և հեռախոսակապը:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 37 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակ հայեր: “Սուրիահայութեան շտապ օգնության մարմին” կազմակերպության անդամներից Րաֆֆի Ավետիսյանը միջինարևելյան հայկական “Ազատ հայ” պորտալին տեղեկացրել է, որ առկա տվյալների համաձայն` Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 66 հայ: Նաև 7 առևանգված հայեր կան (փաստորեն, նրանք արդեն 8-ն են- խմբ.) և երկու անհայտ կորած զինծառայողներ: Շուրջ 200 բնակարաններ վնասվել են: