Խորհրդարանական ընտրությունների շրջանում «Ժառանգություն» կուսակցության քարոզչական հոլովակներում նկարահանված հայտնի երգիչ Հարություն Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երեկ ՀՀԿ երիտասարդների հրավերով Մարզահամերգային համալիրում համերգի էր: Ու քանի որ ՀՀԿ-ականներն էին Ձախ Հարութին հրավիրել Հայաստան, ուստի այն իր ներկայությամբ պատվել էր անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այսօր երկրի «դե ֆակտո» նախագահն է (Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը երկրում չեն): Վարչապետին ընկերակցում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Եւ նրանց ներկայությունն այնքան էր ոգեւորել Հարութին, որ նա հանդիսատեսների միջով երգելով մոտեցավ վարչապետին եւ բարձրաձայն կանչեց. «Ջա՛ն իշխանություն»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը համալիրից հայտնեց, որ ողջ համերգի ընթացքում վարչապետը բարձր տրամադրություն ուներ: Ի դեպ, համերգին փուչիկներ չկային, միայն հանդիսատեսներին բաժանվել էին ՀՀԿ-ի դրոշները՝ ստիպելով բռնել դրանք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ