Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր Արցախի ԱԺ-ում տեղի ունեցավ առաջին նստաշրջանի շարունակությունը, որտեղ դրված էր կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացրեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանին հետաքրքրեց, թե ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում տարեկան ապահովել գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10 տոկոս միջին տարեկան աճ:
«Գյուղատնտեսության աճի հիմնական լոկոմոտիվը գյուղացու մոտիվացիան է: Ինչպե՞ս մոտիվացված լինի, օրինակ, Ուղտասարի բնակիչը, որն ուզում է իր կողմից մշակվող հողատարածքն ավելացնել մեկ հեկտարով, սակայն չի կարողանում, այն դեպքում, երբ այդ նույն համայնքի հողերից հարյուրավոր հեկտարներ վարձակալվում են Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների կողմից»,-հարցրեց Հ.Խանումյանը:
Վարչապետը հերքեց իր կամ իր ընտանիքի կողմից Ուղտասարում համայնքային հողեր վարձակալելու փաստը: Պատգամավոր Հ.Խանումյանի հարցմանն ի պատասխան Ուղտասար համայնքի ղեկավարը տվել է տեղեկություն Ուղտասար համայնքի հաշվեկշռում գտնվող 10 հա-ից ավելի հող վարձակալող անձանց և նրանց կողմից վարձակալվող հողի չափի մասին: Համաձայն տեղեկության՝ Արայիկ Հարությունյանն այս համայնքում վարձակալում է 135,7 հա տարածք: Արայիկ Հարությունյանի կողմից վարձակալվող տարածքը 2010թ. հուլիսի 7-ի N 376-Ն որոշմամբ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են Ուղտասարի համայնքին:
Վարչապետ Հարությունյանը վերոնշյալ հողի վարձակալ դարձել է որոշման ընդունումից հետո, իր պաշտոնավարության ընթացքում և տարիներ շարունակ վարձավճար մուծել համայնքին: Հետևաբար գտնում ենք, որ Ա.Հարությունյանը Հ.Խանումյանի հարցին ի պատասխան միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը՝ ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելով Ազգային ժողովին և հանրությանը»: