ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՈՒՄ ԷԼ ՈՒՆԵՆՔ ՎԱՏ ՕՐԻՆԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, ԲՀԿ-ի կոնսուլտացիաները որեւէ արդյունք չեն տա:
-Տիկի՛ն Աճեմյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում տիրող իրավիճակը «ֆեոդալական» կարգերի է նման, որի մեղավորը ՀՀԿ-ն է: Ինչպե՞ս է այդ քննադատություններին վերաբերում ՀՀԿ-ն:
-Մենք արդեն մեր վերաբերմունքը ե՛ւ հանրապետության նախագահի մակարդակով, ե՛ւ տարբեր այլ մակարդակներով՝ կուսակցականների, հայտարարել ենք, եւ ես համոզված եմ, որ նախընտրական ժամանակահատվածում որեւէ համակարգային լուրջ փոփոխություն չի կարող իրականանալ, որովհետեւ մենք հիմա պատրաստվում ենք ընտրություններին եւ ժամանակ էլ չունենք ո՛չ Ընտրական օրենսգիրք փոխելու, ո՛չ էլ համակարգային փոփոխություններ կատարելու: Մենք պետք է գնանք դեպի ընտրություններ: Գիտեք ի՞նչ, շատ տարբեր են տեսակետները, կարծիքները, բայց այս ժամանակահատվածում մենք չենք կարծում, որ դա լավագույն կառավարման ձեւն է: Այնուամենայնիվ, մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների մեծամասնությունը շատ ակտիվ աշխատում է:
-Այսինքն՝ համամասնական ընտրակարգին անցնելը չիրականացվող «երազա՞նք» է:
-Գիտեք ի՞նչ, վատ օրինակների վրա հիմնված տեսակետ է, որովհետեւ, այո՛, կան նաեւ վատ օրինակներ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մեջ: Բայց մենք նաեւ համամասնականում ունենք օրինակներ: Այնպես չէ, որ համամասնական ընտրակարգն իդեալական է, եւ բոլոր պատգամավորներն իդեալական աշխատում են: Նկատի ունեմ այն, որ մարդկային գործոնը շատ կարեւոր է:
-Ռ. Քոչարյանի հնչեցրած քննադատությունները կարծես թե նյարդայնացրին ՀՀԿ-ականներին…
-Երկրորդ նախագահը բազմիցս իր տեսակետները՝ տարբեր գործընթացների հետ կապված, հայտնել է, միշտ իր դիրքորոշումները հնչեցրել է, եւ ես կարծում եմ, որ դա էլ տեսակետ է, որը պետք է լսենք ընդամենը, ոչ մի անհանգստություն մեր կուսակցությունում չկա: Ես շատ կուզենայի, որ վերջնականապես ձեւավորվեր այն մթնոլորտը եւ այն դաշտը, որտեղ իրական մրցակիցների հայտերը կներկայացվեն, եւ մենք կպատկերացնեինք դաշտը: Իսկ այս պարագայում ոչ մի բան ռեալ ու պարզ չէ, եւ առանձնապես սպասելիքներ էլ չկան: Ցանկալի կլիներ, որ մրցակցությունն ավելի առողջ լիներ:
-Իսկ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում խորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաների մասնակցել, որպեսզի, ի վերջո, պարզվի, թե դաշտում ինչ է կատարվում:
-Քանի որ արդյունք ակնկալել այս ամենից… իհարկե, դա աներեւակայելի է, իրենք էլ են պատկերացնում, որ արդյունք չի լինելու:
-Ովքե՞ր են այդ «իրենքը»:
-ԲՀԿ-ն, որն ինչ-որ ձեւով կոնսոլիդացնում է իր շուրջ ուժերին:
-Իսկ դա նյարդայնացնո՞ւմ է ՀՀԿ-ին:
-Բոլորվին, հակառակը, ես պետք է ասեմ, որ այդ քննարկումները նպաստում են, որպեսզի բացասական էներգիան դուրս գա, ես դա համարում եմ դրական:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս