Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առարկայական ձեւ ունենար, ապա Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Հանրապետության հրապարակում կկանգնեցներ նրա արձանը: Բանն այն է, որ այդ ճգնաժամն իսկական փրկօղակ դարձավ ռեժիմի համար, այլապես, եթե չլիներ այն, դժվար էր պատկերացնել` իշխանություններն ում վրա կգցեին իրենց ձախողումների պատասխանատվությունը: Մանավանդ հիմա, երբ մոտենում է նախընտրական ժամանակահատվածը:
Սերժ Սարգսյանը նախագահի առաջիկա ընտրություններում կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Ընդունված կարգի համաձայն` նա պետք է հանդես գա հաշվետվությամբ` ներկայացնելով, թե 2008թ. տված նախընտրական խոստումների քանի տոկոսն է իրականացրել այս հինգ տարիների ընթացքում: Ահա այստեղ ե’ւ Ս.Սարգսյանին, ե’ւ իշխանություններին, ե’ւ ժողովրդին սպասվում է մեծ, նույնիսկ շատ մեծ հիասթափություն: Խոստումների զգալի մասը մնացել է անկատար: Ու հարց է առաջանում` արդյոք այսքանից հետո Ս.Սարգսյանն իրավունք ունի կրկին առաջադրել իր թեկնածությունն եւ ժողովրդից հայցել վստահության քվե:
Վերցնենք, օրինակ, քաղծառայության բնագավառի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոստումները: Դեռ 2008թ. նա խոստացել էր, որ քաղծառայողների աշխատավարձը 2012թ. կդառնա 207 հազար 800 դրամ:
Ս.Սարգսյանի խոստման այս կետն ենք առանձնացնում, քանի որ քաղծառայողները հասարակության կողմից ընկալվում են որպես իշխանության հիմնական ընտրազանգված. իշխանական թեկնածուին ու իշխող կուսակցությանը առաջինը ձայն են տալիս պետական հիմնարկությունների աշխատակիցները: Ու հիմա ստիպված ենք արձանագրել` Ս.Սարգսյանն առաջին հերթին խաբել է իր հիմնական ընտրազանգվածին. առ այսօր նրա նախընտրական խոստումը չի կատարվել. քաղծառայողների աշխատավարձը չի բարձրացել ո՛չ 2012թ., ո՛չ էլ նախատեսված է բարձրացնել 2013թ.-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ պարզվեց, որ քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ անգամ 2013թ., պետական համակարգում լուրջ դժգոհություններ են սկսվել: Մարդիկ արդեն չեն թաքցնում իրենց վերաբերմունքը կատարվող անարդարությունների հանդեպ, իսկ նրանցից ավելի համարձակները վստահեցնում են, որ առաջիկա ընտրություններում չեն քվեարկի նրա օգտին, ով մեկ անգամ արդեն խաբել է իրենց:
Օրերս, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրինք, թե ինչու չի կատարվել Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրի այս դրույթը, եւ ով է մեղավոր այդ ձախողման համար, դեմքի լայն ժպիտով եղավ հետեւյալ պատասխանը. «Ես ուզում եմ հիշեցնել` ձեր այդ հարցին բազմաթիվ անգամներ պատասխանել եմ: Այնպես որ, պատասխանը մնում է նույնը»: Իսկ բազմաթիվ անգամներ Տիգրան Սարգսյանը նույն պատասխանն է տվել. կատարվածի համար մեղավոր է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պնդում է` ֆինանսատնտեսական ճգնաժամը մնացել է միայն Հանրապետության հրապարակում, իսկ ավելի կոնկրետ` կառավարության շենքում:
Իսկ փորձագետների կարծիքով՝ քաղծառայության ոլորտում այս ամենի հետեւանքով առաջացել է խորքային մեկ այլ խնդիր. այս ընթացքում քաղծառայողներից շատերը, չհամակերպվելով ցածր աշխատավարձին, դուրս են եկել այդ համակարգից, հիմնականում` արտագաղթել կամ տեղափոխվել մասնավոր հատված: Արդյունքում` քաղծառայության համակարգից տեղի է ունեցել որակյալ կադրերի արտահոսք: Իսկ բացը լրացվել է ՀՀԿ կուսակցական ռեզերվի հաշվին: Բայց սա այլ խնդիր է:
Հ.Գ. Շատերն այսօր համոզված են, որ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագիրը ձախողել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Կա նաեւ տեսակետ, որ Ս.Սարգսյանի խոստումներն ի սկզբանե եղել են անիրատեսական, պոպուլիստական: Անկախ նրանից` ով կամ ինչն է կատարվածի մեղավորը, փաստենք` Ս.Սարգսյանի խոստումը չի կատարվել: Մնացածը թողնում ենք ընթերցողների եզրակացությանը:
ԵԿԵԼ Է ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ