Իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, եւ դեռ պարզ չէ, թե երբ կունենա եւ ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավել է՝ պարբերաբար հետաձգվում են: «Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները:

«Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկա իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել: Սա այն դեպքում, երբ այդ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, որի մոտ կեսը կարող էր մուտք գործել Հայաստանի տնտեսություն: ՀՀ Կառավարությունը տարիներ շարունակ փաստացի ոչնչացրեց ավիացիան եւ որպես ոլորտի տապանաքար հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին` փաստացի ոլորտում շրջանառվող միջոցները նվիրելով օտարերկրյա ավիաընկերություններին: Սա էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նվերն» էր մեզ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս