«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարեւանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը: Բարձր պատ շարելու համար իրեն օգնելու ակնկալիքով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին է դիմել նաեւ սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` Կարինե Ավետիսյանը, որի տունը հենց նույն բակում է գտնվում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարինե Ավետիսյանը ոճրագործությունից հետո հրաժարվում է իր տանից եւ չի ցանկանում այնտեղ ապրել: «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»,- ասել էր Ավետիսյանների հարազատը:
Բայց քանի որ Կարինե Ավետիսյանին այլ տնով ապահովելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել, վերջինս Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պարսպապատել իր տան տարածքը: «Շուտով կպարսպապատեն, որից հետո կկարողանամ վերադառնալ իմ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: