«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղեւոնդյանի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի եւ Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի՝ նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաեւ մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը:
Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում: Բայց այն փաստը, որ նրանց անունները գործում առկա են, դեռ չի նշանակում, որ նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվության կենթարկվեն: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն «քավության նոխազը», ցույց կտա ժամանակը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: