
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուներին խստորեն հանձնարարել էր չթույլատրել որևէ աշխատանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով: Սահմանված չափանիշների վերաբերյալ նշված բոլոր կառույցների ղեկավարներին մեկ անգամ ևս հիշեցման ծանուցումներ են ուղարկվել: Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում ծավալված աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Տեղերում ի հայտ եկած որոշակի թերությունների արագ շտկման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ: Շրջայցի արդյունքում պարզվել է, որ սահմանված չափանիշների ապահովման մասով ամենապարտաճանաչը «Երևան Ջուր» ընկերությունն է: Կազմակերպությունների ղեկավար-ներկայացուցիչներին հիշեցվել է նաև ասֆալտի շերտը բացառապես սղոցներով կտրելու և հետլիցքը սահմանված նորմերով կատարելու անհրաժեշտության մասին: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները և կշարունակեն խախտել գործող կարգը, կձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: