Նախօրեին` ժամը 15:40-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել եւ բուժօգնություն խնդրել Աղձք գյուղի Գեւորգ անունով 35-ամյա մի բնակիչ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ հանդում անասուն արածեցնելիս վայր է ընկել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նույն օրն Աղձք գյուղի արոտավայրում վիճաբանության ժամանակ նրան դանակահարել եւ վնասվածքներ է պատճառել իր՝ Արմեն անունով համագյուղացին:
Տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պնեւմո-հեմոթորաքսով աջ դելտաձեւ մկանի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ: Նա ենթարկվել է վիրահատության, այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի թոքային բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար:
Կատարվածի կապակցությամբ «Ժողովուրդը» զրուցեց Աղձք գյուղի բնակիչների հետ: «Եթե այցելեք մեր գյուղ ու հետաքրքրվեք մարդկանցից, ապա կհասկանաք, թե ով է ճիշտ: Դանակահարողը՝ Արմենը, շատ հանգիստ բնավորության տեր մարդ է, իսկ տուժողը՝ Գեւորգը, չար ու նենգ է: Մենք համոզված ենք, որ Գեւորգը նույնիսկ եթե դանակահարել է, մեղավոր չէ: Ով որ դանակահարել է, նրա հոգուն ուղղակի հասցրել են, թե չէ դանակահարողը երբեք նման բան չէր անի: Նա շատ ազնիվ մարդ է ու շատ հանգիստ… Համեստ տղուն համբերությունից հանել է…»,-պատմեցին համագյուղացիները: Նրանց խոսքով՝ վիճաբանությունը ծագել է չնչին պատճառներից: «Թեթեւ խոսակցություն է տեղի ունեցել: Երկուսն էլ դաշտում անասուններին են արածեցրել: Դե գիտեք, մեզ մոտ այս շրջանում անասուններին տանում են դաշտերը: Բայց եթե օրենքը ճիշտ աշխատեր, ապա Արմենին չէին տանի բաժին»,-ափսոսանքով նկատեցին նրանք: Դեպքի կապակցությամբ կատարվում է նախաքննություն:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ