Էջմիածնի 38-ամյա բնակիչ Պարույր Թորոյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Արայիկ Հակոբյանը` Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդին, ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և բացատրություն է տվել:
Այս մասին Amlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից` հավելելով, որ հետաքննությունն ավարտվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե: Ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որդու հետ մարդ է ծեծել: Այս լուրերը նախկին պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էր` դրանք իր անձի շուրջ սադրանք անվանելով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտնել է, որ նախորդ օրը Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ու 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Դեպքից հետո Վաղարշապատի բաժին է ներկայացել Հակոբ Հակոբյանը և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել: