ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ շուրջ ստեղծված իրավիճակին` նշելով, թե պետք չէ նման «հարձակումներ» գործել նախարարի հանդեպ:
«Ովքեր մտահոգ են պաշտպանության հարցերով, թող թիրախ չդարձնեն մեր բանակը: Անգամ վերջերս, երբ նայում ես, թե ինչպես են հարձակվել պաշտպանության նախարարության և նախարարի վրա, դա դատապարտելի պետք է լինի: Չպետք է թիրախ դարձնել մեր պաշտպանության նախարարությանը, նախարարին: Նա պաշտպանության նախարարն է, համակարգի պատասխանատուն է, գլխավոր հրամանատարն է, գերագույն գլխավոր հրամանատարից հետո գլխավոր հրամանատարն է», – նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, թե այս տեսակետից պետք է զգուշավոր լինել: Նա հայտնեց, որ Հանրային հեռուստատեսությամբ դիտել է նախարարի մասին ցուցադրված հաղորդումը և հավելեց, որ մեծ բավականությամբ է դիտել այդ հաղորդումը: Նա ընդգծեց, թե այս ամբիոնից պետք է դատապարտել նման երևույթները և կոչ անել զերծ մնալ նման վերաբերմունքից:
Պատգամավորը հայտնեց, որ բոլոր անձանց դեպքում էլ չպետք է նրանք թիրախավորվեն, սակայն ընդգծեց, որ սա այն դեպքն է, որ չպետք է նման քայլեր արվեն պաշտպանության համակարգի պաշտպանի հանդեպ: