ՍԻԲԻՐԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԴԵՂՆ ԱՆՈՐԱ՞Կ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում անկած կենդանիներից մեկը հաշվառված է եղել, բայց ոչ պատվաստված:  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը: Իսկ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հակառակը պնդեց եւ նույնիսկ առաջարկեց հետաքրքրվել պատվաստված դեղի որակով:
Հիշեցնենք, որ ըստ ՍԱՊԾ-ի` սիբիրախտի հաստատված դեպքերը Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում են եղել, որտեղ շարունակվում է հսկողությունը: Կարանտինային կետերը նույնպես դեռ մնում են: Սիբիրախտից անկած կենդանու մի դեպք գրանցվել է «Խոլաքարեր» հանդամասում, որը Իջեւանի վարչական տարածքում է. այնտեղ մարդիկ ապրում են եւ անասուններ պահում:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի խոսքով՝ այդ տարածքում ամեն ինչ կարգին է, եւ այս պահին ոչ մի արտասովոր բան չկա. «Մենք հետեւողական ենք, որ սիբիրախտը տարածում չունենա: Այնուամենայնիվ, մենք այն շուտ կանխեցինք, ամեն դեպքում, բոլոր տեսակի միջոցառումները ձեռնարկվում են: Ես, իհարկե, չեմ տեսել սիբիրախտով հիվանդ կենդանիների լաբորատոր հետազոտության արդյունքները, բայց մենք այդ միսը ոչնչացրել ենք»:
Քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե պատճառն ինչն է, որ կենդանիներից մեկը հաշվառված է եղել, բայց չի պատվաստվել: «Ո՞վ հայտնաբերեց, որ կովը պատվաստված չէ: Նման բան հնարավոր չէ: Ինչի՞ց իմացան, որ կովը պատվաստված չի եղել: Ախր ինչո՞ւ են այդքան համոզված: Մեզ մոտ բոլոր կովերն էլ պատվաստվում են: Դե թող լաբորատոր հետազոտություն անեն ու պարզեն, միգուցե պատվաստված դեղն անորա՞կ է: Ավելի ճիշտ է, որ այդ հարցին անդրադառնաք»,-վրդովված պնդեց քաղաքապետը: Նա նշեց, որ կա անասնաբույժ, որը լիարժեք կատարում է իր աշխատանքը: «Ես չգիտեմ էլ, թե դա ինչ կով է, բայց լավ գիտեմ, որ մեր այդ մասով պատասխանատուները համապատասխան աշխատանքներն իրականացնում են: Սիբիրախտից ինչքան հասկացել եմ, ու ինչ ուղղություն ցույց են տվել, ես  արել եմ. հիվանդ անասունի թաղումը կազմակերպել ու վառել եմ, տարածքը մեկուսացրել ու մի հատ էլ տրաֆարետ եմ դրել: Հնարավո՞ր չէ՝ մի թռչուն, ագռավ նեխած մսով թռնի, գա, այստեղ իջնի  ու այստեղի խոտը վարակի»,-հարցադրում արեց քաղաքապետը:
Իսկ ՀՀ ԳՆ փոխնախարար Գրիշա Բաղյանը ո՛չ պատվաստված դեղի որակից տեղեկություն ունի, ո՛չ էլ Տավուշի մարզում չպատվաստված անկած կենդանուց. «Ես նման տեղեկատվություն չունեմ: Դա պետք է տեղում ստուգվի՝ իրոք սրսկվել է, թե ոչ: Նման տվյալներ չունեմ: Սրսկելու դեպքում ակտ են կազմում, հետո այն հաստատում է տվյալ համայնքի ղեկավարը: Պետք է նայենք, տեսնենք՝ այդ ակտը կա, թե ոչ: Չեմ կարող ասել, դա այնպիսի մի բան է, որ պետք է պարզել: Լաբորատոր հետազոտությունները միայն կարող են պարզել` դեղը որակով է, թե ոչ: Բայց ինչպե՞ս կարող է այն անորակ լինել, եթե հանրապետության բոլոր կենդանիներին դրանով են պատվաստել»:
Մեր հարցին, թե միգուցե դրանով է պայմանավորված այն, որ ՀՀ մի քանի մարզերում սիբիրախտ կա, Գ. Բաղյանը պատասխանեց. «Հարուցված է քրգործ, որի նախաքննությունից հետո պարզ կլինի` կենդանիները սրսկված են եղել, թե ոչ: Մենք անասուններին կրկնակի սրսկել ենք, եթե պարզվի, որ չեն սրսկվել, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն դրա դեմ»:
Տեղեկացնենք, որ անապահով կետից կարանտինը վերացնում են վերջին հիվանդ կենդանու անկումից կամ առողջացումից 15 օր անց, եթե կատարվել է եզրափակիչ ախտահանություն, անասնաշենքի սանիտարական վերանորոգում, ինչպես նաեւ կենդանիների մոտ բացակայում են հետվակցինացման բարդացումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս