Համառորեն չեն ուզում հասկանալ` Ծառուկյանը կապ չունի ընտրությունների հետ. Վահագն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում էր գտնվում Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ում էլ լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին` ընտրությունների ժամանակ և նրանից  հետո ստեղծված իրավիճակի մասին:

Մասնավորապես այն հարցին, թե ինչու էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորն այդքան ակտիվ ընտրությունների ժամանակ, Գևորգյանը պատասխանեց, թե պետք չէ շահարկել Ծառուկյանի թիկնազորի անունը, քանի որ նրանք ևս Աբովյանի բնակիչներ են:

«Մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանը կապ չունի այս ընտրությունների հետ», – նշեց նա և, միևնույն ժամանակ չթաքցրեց, որ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն, իր ընկերն է: Աբովյանի նորընտիր քաղաքապետը վստահեցրեց, թե մտադիր չէ  հանրապետական դառնալ:

Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններում արձանագրված խախտումներին և այն լուրերին, թե ID քարտերով մի քանի անգամ են քվեարկել, նա նշեց. «Ինչի՞ մասին է խոսքը, նույնիսկ դիմում-բողոքներ չեղան: Միայն մեկ թերություն կար, ասում էին, որ տրանսպորտով մարդկանց տեղափոխում էին»:

Նա հիշեցրեց, որ առաջին գումարման ԱԺ-ից սկսած աշխատել է որպես փորձագետ, և երբեք էլ կուսակցական չի եղել: Նա նշեց, թե Աբովյանի բոլոր քաղաքապետերն էլ ունեցել իրենց ձեռագիրը, և ինքն էլ պատրաստ է այդ ավանդույթը շարունակել: Իսկ այն հարցին, թե  իրեն շնորհավորե՞լ է մրցակիցը՝ Պալաչը, Վահագն Գևորգյանը պատասխանեց, որ չի շնորհավորել:




Լրահոս