Նոյեմբերի 15-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է մարզպետարանի պաշտոնական կայքը, նիստում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման հարցը, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Այս տարվա 10 ամիսների ընթացքում մարզի 62 համայնքների եկամուտները կազմել են 1727.7 միլիոն դրամ` նախատեսվածի 93.7 տոկոսը: Վիճակն առավել վատ է սեփական եկամուտների հավաքագրման առումով: Նոյեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 369,1 միլիոն դրամ` նախատեսվածի 75.8 տոկոսը: Նշենք, որ հատկապես մտահոգիչ են հողի հարկի հավաքագրման ցուցանիշները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նախկինում մարզխորհրդի նիստերում բազմիցս համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների վրա: Նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է մարզպետին եւ համայնքների ղեկավարներին խիստ հանձնարարականներ տվել համայնքների սեփական եկամուտների գանձման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, սակայն դրանց արդյունքն առայժմ չի երեւում:
Տավուշ