Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախագահական նստավայրի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանության ծառայողները կրկին քաշքշելով տեղափոխեցին դիմացի մայթ: Ոստիկաններն իրենց արարքը պատճառաբանում էին նրանով, որ չի կարելի նախագահական նստավայրի դիմաց ակցիա իրականացնել:
Սակայն, պետք է նշել, որ օրենքով նման սահմանափակում գոյություն չունի: «Հավաքների մասին» օրենքը միայն սահմանում է պետական գերատեսչությունների դիմաց ողջամիտ հեռավորության վրա ակցիա իրականացնել: Ավելին` նույնիսկ համապատասխան հեռավորություն չկա նշված: Ստացվում է` ոստիկանության ծառայողներն ամեն անգամ կամայական որոշում են կայացնում` սևազգեստ մայրերին քաշքշելով տեղափոխել դիմացի մայթ:
Զոհված զինվորների մայրերը հանդիպում ունեցան մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ: Սակայն մայրերը չէին ցանկանում կրկին խոսել տեղակալի հետ, այլ ուզում էին Կարեն Անդրեասյանի հետ հանդիպել, բայց չստացվեց: Այնուամենայնիվ, Արմեն Գրիգորյանը կրկին լսեց մայրերին, դեպքի հետ կապված մանրամասները և խոստացավ ամենայն մանրամասնությամբ ներկայացնել Պաշտպանին:
Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ օրենք գոյություն չունի, որն արգելում է նախագահական կամ այլ պետական կառույցի դիմաց հավաքներ անցկացնել:
Սպանված զինծառայողի հայրը դժգոհեց, որ Սերժ Սարգսյանն իրենց չի ընդունում և հարցին լուծում չի տալիս, այնինչ խոստացել էր. «Կենդանաբանական այգի գնալու ժամանակ ունի, մեզ հետ հանդիպելու ժամանակ չունի՞»:
Օմբուդսմենի տեղակալի հետ հանդիպման մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: