Բնակիչները խանգարել են քննիչներին` տանը թույլ չտալով խուզարկություն իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով  քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:

Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում  քննվում է քրեական գործ՝ քաղաքացի Հ.Ներսիսյանի կողմից «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում 2003-2013թթ. աշխատելու ժամանակահատվածում խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Նկատի ունենալով, որ քրեական գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր և առարկաներ կարող են գտնվել Հ.Ներսիսյանի բնակության վայրում՝ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Հ.Ներսիսյանի և նրա կնոջ բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություններ կատարելու վերաբերյալ։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, և հունիսի 9-ին քննիչը, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել է խուզարկության կատարումը։ Բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ.Ներսիսյանը և որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան և խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեև նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Վերջիններս չեն ենթարկվել քննիչի օրինական պահանջներին, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել խուզարկությունը։

Յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն անջատվել առանձին վարույթ։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս