ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, կողմ է մարտի 1-ի գործով նոր հանձնաժողով ստեղծելուն: Նրա կարծիքով՝ դա կլինի որակապես այլ մարմին, քան ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հանձնաժողովն էր: Նոր հանձնաժողովը կքննի՝ որքանով են օրինական եղել Հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատախազության գործողությունները: Ալլա Հովհաննիսյանն այս մասին «Եպրեսս»-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպելուց հետո: Հիշեցնենք, որ նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ ԱԺ է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսը:
«Իհարկե, ՀՀԿ-ն իր ՕԵԿ-ի հետ մեծամասնություն է, եւ հավանական է, որ չթողնի հանձնաժողով ստեղծել, սակայն այդ դեպքում կբացահայտվի իրենց դեմքը եւ այն փաստը, որ սուտ է, թե նրանք ուզում են բացահայտել իրականությունը: Այդ դեպքում իրենք էլ կդառնան 100% պատասխանատու մարտի 1-ի համար»,-ասել է Հովհաննիսյանը:
Ինչպես «Եպրեսս»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մարտի 1-ին զոհված անձանց հարազատների հետ հանդիպմանը ՀԱԿ պատգամավորները ներկայացրել են մարտի 1-ի բացահայտման եւ տուժածներին պետության կողմից փոխհատուցում տրամադրելու խնդիրները:
«Հանդիպման ժամանակ զոհերի ծնողներին ներկայացվել է նաեւ Կոնգրեսի կողմից այս համատեքստում կատարված միջազգային աշխատանքը, մասնավորապես խնդրի արծարծումը ԵԽԽՎ-ում, ինչպես նաեւ տվյալ հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից պատրաստված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն առաջիկա օրերին քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում»,-ասել է Արման Մուսինյանը:




Լրահոս