Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս, երիտասարդ գիտնական ԴԱՎԻԹ ՖԱՀՐԱԴՅԱՆԸ դարձել է Գինեսի ռեկորդակիր:
2009թ. նա հայտ է ներկայացրել 350 պտույտի համար: Վեց ամիս անց ստացել է առաջին ռեկորդի դրական պատասխանը: Դրանից հետո փորձել է հեղինակային ռեկորդ սահմանել. մեկ ձեռքով պտտաձողի վրա կատարել է 75 պտույտ: Դա նույնպես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Երրորդ ռեկորդը Ֆահրադյանը սահմանել է երկու ձեռքով. անցյալ տարի նոյեմբերին կատարել է 670 պտույտ: Դավիթը գրանցված է նաեւ հայոց դյուցազնագրքում` երկու ձեռքով կատարելով 1144 պտույտ:
-Ռեկորդ սահմանելու միտքը պատահական է ձեւավորվել: Ուզում էի գրանցվել Գինեսի գրքում դեռ 2005թ.: Երեւի թե փաստաթղթերս ամբողջությամբ չէի ուղարկել, չհաստատվեց: Հետո մեկնեցի ծառայության, 2007-ին վերադարձա ու 2009-ին կատարեցի իմ առաջին ռեկորդը՝ 350 պտույտ, որը գրանցվեց, 2010-ին էլ մի ձեռքով արեցի, դա ավելի շատ հեղինակային է: Այդ ռեկորդս նվիրեցի Հրանտ Շահինյանին, քանի որ իր դպրոցում եմ պարապում, եւ նա էլ առաջին օլիմպիական չեմպիոնն է: 2007-ից Հրանտ Շահինյանի մարզադպրոցում աշխատում եմ որպես մարզիչ, նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես դասախոս, օրեր հետո էլ կպաշտպանեմ գիտական աստիճանս, պատրաստվում եմ դառնալ մանկավարժական գիտությունների թեկնածու, նախապաշտպանությունն արել եմ: Կոմիտասում ունեմ նաեւ իմ մարզադպրոցը:
-Տեղեկացա, որ Ձեր ռեկորդի վերջնական գրանցումը մի քիչ ուշացրել են, ինչի՞ հետ էր կապված:
-Նրանք ասում են` Ձեր փաստաթղթերը նորմալ ուղարկե՛ք ու մեզ մի՛ անհանգստացրեք: 4-6 ամսվա ընթացքում մենք կպատասխանենք: Բայց նաեւ լինում են դեպքեր, երբ փաստաթղթերը նորմալ ուղարկվում են, մեկ էլ, իրենց ասելով, կորում են կամ այլ հարց է ծագում, ու ձգձգվում է գրանցելու գործընթացը:
-Ուզում եք ասել` խտրականությո՞ւն են դնում:
-Կա էդպիսի բան, շատ է նկատվում: Ես նույնիսկ մտածում էի, որ հնարավոր է` պատասխանը չգա: Գինեսի ռեկորդների գրանցման գրասենյակը տարեկան ստանում է 60 000 ռեկորդ, գրանցում ընդամենը 400-ը:
-Ի՞նչ տեղ է զբաղեցնում սպորտը Ձեր կյանքում:
-Այն իմ կյանքի հիմնական ու կարեւոր բաղկացուցիչ մասն է: Եթե նույնիսկ տանն անելու բան չունեմ, ու գործ էլ չկա, միեւնույն է, գնում եմ դահլիճ, մի բանով զբաղվում եմ, պարապ նստել չեմ սիրում: Ես իմ մասնագիտությունը սիրում եմ: Մարդ կա՝ սիրում է փայտի հետ գործ անել, մյուսն այլ նախասիրություն ունի: Ինչ էլ որ անես, կարեւորը՝ էնտուզիազմ լինի: Պետք չէ նայել փողին, հայտնի դառնալուն, դա ճիշտ չէ: Ես ինչի էլ հասել եմ` իմ ջանքերի շնորհիվ է եղել: Դահլիճս 0-ից եմ սարքել: Հույսդ պետք է դնես քեզ վրա, չնստես ու սպասես, թե քեզ համար մեկը մի բան կանի: Դժվար ճանապարհ եմ անցել սպորտի մեջ:
-Ի՞նչ է այսօր անհրաժեշտ հայ մարզիկին` իրեն լավ զգալու եւ իր երկիրը հաղթանակներով ապահովելու համար:
-Որ կողքից չխանգարեն: Չեն օգնում, թող չօգնեն, բայց թող չխանգարեն: Տեսնում են, որ այդքան չարչարվում ես, կարող են, չէ՞, գոնե մի հարցով օգնել, սատար կանգնել, անտարբեր չլինել: Դրանից մարդ ավելի կոգեւորվի: Ինձ մոտ էլ են եղել հիասթափության պահեր, դժվարություններ: Նույնիսկ բարկացել եմ, ասել եմ՝ թողնելու եմ գնամ էս պետությունից, դե ինչպես բոլորի մոտ է լինում: Բայց մեկ էլ մի փոքր ուշադրություն, ու մտածել եմ՝ իսկ ինչո՞ւ գնամ եւ ուրիշի համար աշխատեմ: Իրականում ինձ ոչինչ չի պակասում: Ծառայությունից հետո եկա, սպորտի վարպետի կոչումս ստացա, հետո դասախոսի վերապատրաստման կուրսեր անցա, իմ սպորտային կարիերայի հարցերը լուծեցի, բնակարան էլ գնեցի, ավտոն էլ նվեր ստացա: 4 տարվա մեջ ամեն ինչ էլ հասցրեցի: Ես կարծում եմ, որ տղան իր կյանքում գոնե մի անկյուն պետք է ստեղծի, դա նաեւ ինքնուրույնության նշան է: Ես էլ կցանկանամ, որ իմ որդին ինձանից ավելի ուժեղ ու խելացի լինի:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Երազանքով ապրող մարդ չեմ, ինձ մոտ ամեն ինչ շատ ռեալ է: Հնարավոր է՝ առավոտյան արթնանամ ու մի բան որոշեմ, հետո էլ նահանջ չկա:
-Ո՞րն է նպատակներին հասնելու գրավականը:
-Անկոտրում համառությունն ու աշխատասիրությունը, կամքի դրսեւորումն ու ձգտումները: Պետք չէ նստել ու երազել: Եթե զգում ես, որ այդ ամենը քո ուժերի սահմաններում է, ամեն ինչ էլ կանես:
«ՊԵՏՔ ՉԷ ՆՍՏԵԼ ՈՒ ԵՐԱԶԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ