Անհնար է` հենակետում վիրավորված զինծառայողը հրաման խախտած չլինի. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մասին այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը և այն կարևոր ու խիստ անհրաժեշտ համարեց: Սակայն նա օրենքի ձևակերպման վերաբերյալ խնդիրներ տեսավ:

Նշենք, որ համաձայն առաջարկվող փոփոխության՝ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս, երբ ստանում են վնասվածք, որն ունի արտերկրում բուժման կարիք, ապա այդ բուժման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը:

«Մարդիկ, ովքեր ծանոթ են մարտական հերթապահությանը, ծառայողական քննություններին, ովքեր նմանատիպ գործերով քննություն են իրականացրել, ձեզ հստակ կասեն, որ մարտական հերթապահության ժամանակ որևէ զինծառայող, երբ վնասվածք է ստանում, ապա անհնար է, որ հրամանի ինչ-որ կետ խախտած չլինի։ Եթե այս լայն բացառումն օգտագործենք՝ կստացվի, որ 10-ից 9-ի վրա այս օրենքը չի ազդում»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը։

Նա  առաջարկեց օրենքից հանել վերապահումը, ըստ որի` բուժման ծախսերը չեն տրամադրվի այն անձանց, ովքեր թույլ են տվել կարգապահական զանցանքներ և բացառությունը գործի միայն դիտավորյալ հանցագործությունների համար։




Լրահոս