ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԱԵՍՏՐՈ՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է: Ինչպես հոբելյարը  հավաստիացրեց,  ծննդյան օրն իր համար ամենաաննկատ օրն է. «Ես ավելի շատ ուրիշի տոնին եմ ուրախանում, ազգային միասնության եմ մշտապես ձգտում, կարող եմ երջանկանալ, որ իմ կողքին ուրիշը կա: Ամեն տարի այս օրը բուռն ցանկություններով եմ լցվում. մի մասը կատարվում է, մնացածն էլ տարվա ընթացքում է լինում»: Հարցին, թե ինչ կցանկանար անել իր ծննդյան օրը, պարոն Ամիրխանյանը պատասխանեց. «Կուզեի այսօր Արագածի գագաթը բարձրանալ, Խոր Վիրապում լինել, Արայի լեռան գագաթին, Մոմիկի վանքում. մտնել եկեղեցի, սուսուփուս նստել ու հաղորդակցվել»:
Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1936թ. նոյեմբերի 16-ին Երեւանում: 1991 թվականից Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահն է: Գրել է երաժշտություն 16 խաղարկային եւ շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար, դաշնամուրային կոնցերտ, կվարտետ, օպերետ՝ «Քաղքենին՝ ազնվական», մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արեւելյան», «Դինգ-դոնգ», «Շախ եւ մատ», բազմաթիվ երգեր: 1999-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր` լինելով գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1998թ. պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը շնորհավորում է մաեստրոյին` մաղթելով ամենայն բարիք:




Լրահոս