Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ստանձնել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանի դերը և կոչ էր արել դատապարտել այն երևույթը, երբ որոշ լրատվամիջոցներ թիրախ են դարձնում պաշտպանության նախարարին:
Արծվիկ Մինասյանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց հայտնի ճշմարտությունը, որ եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակը, ուրեմն պետք է հոգ տանես քո բանակի մասին և ուժեղացնես այն:
«Իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չպետք է նույնացնել իշխանություն և հայրենիք, և չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Մենք չպետք է անենք այն, ինչը ձեռնտու է մեր հարևաններին: Մի բան անելուց առաջ եկեք` հասկանանք` էս ի՞նչ ենք անում: Ընկել եք համընդհանուր սենսացիայի հետևից` ով ինչքան լայք կհավաքի…, հետո՞ : Մեր բոլոր դժբախտությունների պատճառը միշտ եղել է այն, որ մենք միշտ քննադատել ենք գործ անողին, որ միաբան չենք եղել: Ինչպես կասեր Նժդեհը` հայի թիվ մեկ թշնամին հայի ներսի նախանձն է: Եկեք` ձերբազատվենք ներքին նախանձից, լինենք բարի քրիստոնյա, հերիք է ընդդեմ ինչ-որ մեկի ապրեք՝ ինադու ինչ-որ մեկին, եկեք` ապրենք` հանուն հայրենիքի»,- նշեց նա: