ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2 տարի առաջ ինձ անհիմն կալանավորեցին՝ մեղադրելով պետական գույքի յուրացման մեջ: 1 տարի 7 ամիս հետո դատարանը գտավ, որ ես անմեղ եմ եւ արդարացրեց ինձ: Այդ ընթացքում ես զրկվեցի աշխատանքից, բռնագրավեցին բնակարանս եւ այլն: Գիտեմ, որ ես իրավունք ունեմ հետ ստանալու այդ ամենը: Ասացե՛ք՝ արդյոք փոխհատուցվում է քրեական պատասխանատվության անհիմն ենթարկումից հասցված վնասը:

Վանիկ Կարապետյան (42 տարեկան, նախկին կալանավոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ դատապարտման հետեւանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ՝ աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է: Ինչպես նաեւ գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետեւանքով պատճառված վնասը: Պետք է փոխհատուցվեն նաեւ վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները, դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը: Արդարացվածն իրավունք ունի նաեւ վերականգնվել նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք կամ նախկին աշխատանքը կորցնելու հետեւանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում: Նաեւ պետք է հաշվակցել ազատազրկման ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ, հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում ստանալ բնակմակերեսով եւ գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք, ինչպես նաեւ վերականգնել զինվորական եւ այլ կոչումները:

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների»ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կփոխատուցվի քաղաքացուն հասցված վնասը, թե ոչ` կախված կլինի նրանից, թե մարդը որքան ամուր նյարդեր կունենա՝ դիմանալու դատական նոր քաշքշուկներին` իր իրավունքները վերականգնելու համար: Բայց աներկբա է, որ անպատիժ կմնան նրանք, ովքեր մարդուն հասցնում են այդ վիճակին:




Լրահոս