Որքան էլ պաշտոնական վիճակագրությունը պլպլացնում են, միևնույն է՝ այն «մատնում» է, թե ինչ ծանր կացությունում է տնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ սրտնեղեց եւ բողոք արտահայտեց Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ վատ կանխատեսումներից, իսկ դա տեղի ունեցավ Կառավարության մայիսի 22-ի նիստում, թվում էր, թե դա ընդամենն ընդհանուր նեղվածության եւ պահի դրսեւորում էր: Սակայն արդեն ակնհայտ է, որ վարչապետն իսկապես չի տիրապետում իրավիճակին եւ նրան թվում է, թե Հայաստանի բնակչությունն իր շրջապատի պես է ապրում, եւ նրա համար անհասկանալի է, թե մարդիկ ինչու եւ ինչից են բողոքում:

Այսպես՝ ըստ aravot.am կայքի՝ երբ լրագրողներից մեկը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե հոսանքի թանկացման դեպքում ինչ պետք է անի Հայաստանի բնակչությունը, չէ որ առանց այդ էլ աշխատավարձերը ցածր են, եւ մարդիկ չեն կարողանում իրենց սոցիալական խնդիրները հոգալ, վարչապետը բառացի պատասխանել է. «Դուք ինչի՞ եք տենց վատ տրամադրված: Գնալով վիճակը չի լավանում… Մենք պետք է ամեն ինչ անենք, որ լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված: Ես Ձեզ մի քանի անգամ ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ հատուկ Ձեզ համար ասել, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացնելու ենք, եւ դա բերելու է տնտեսության ակտիվացմանը: Իսկ դա կխթանի նաեւ մեր ժողովրդի բարեկեցությունը, ամեն դեպքում մենք՝ Կառավարությունով, լծված ենք այդ գործընթացներին»:

Հետաքրքիր է, թե որն է Հովիկ Աբրահամյանի՝ նման լավատեսության աղբյուրը: Գուցե՞ ինքը Հայաստանում կյանքը գնահատում է իր շրջապատի, նախարարների եւ նրանց շրջապատի ու մնացած իշխանավորների անհոգ եւ ցոպ ապրելակերպով: Հասկանալի է, որ վարչապետի ընտանիքի համար ամսական ծախսերի, ասենք, 10 կամ 20 հազար դրամով ավելացումը նշանակություն չունի, այդքան իրենք հաց ուտելուց թեյավճար են թողնում: Բայց հարցը Հայաստանի բնակչության մասին էր եւ ոչ թե իշխանավորների:
Ասենք, որքան էլ պաշտոնական վիճակագրությունը սրբագրում եւ պլպլացնում են, միեւնույն է՝ այն «մատնում» է, թե ինչ ծանր կացությունում է հայտնվել Հայաստանի տնտեսությունը: Ասենք, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մանրածախ առեւտուրը այս տարվա առաջին չորս ամիսներին հետեւողական նվազել է, ըստ վերջին տվյալի՝ այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է 7,6 տոկոսով: Իսկ որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, եւս մեկ անգամ կրկնենք՝ առեւտրի նվազումը նշանակում է բնակչության գնողունակության անկում, նշանակում է մարդկանց աղքատացում: Մարդկանց գնողունակությունն էլ խոստումներով, սիրուն բառերով եւ լավատեսությամբ չի լուծվում: Այն ունի կոնկրետ եւ նյութական լուծում՝ եկամուտների ավելացում:

Կամ մեկ այլ պաշտոնական տվյալ՝ արտահանումը Հայաստանից այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա համեմատ, նվազել է 19,8 տոկոսով: Արտահանման ծավալների նվազումը նշանակում է ընկերությունների եկամուտների նվազում, իսկ դա իր հերթին նշանակում է աշխատատեղերի կրճատում կամ աշխատավարձերի կրճատում, նշանակում է ընկերությունների սնանկացում: Իհարկե, ՀՀ Կառավարությունում պարզել են, թե ինչ են արտահանման ծավալներն այդպես կտրուկ նվազել. պատճառը Ռուսաստանի տնտեսությունում տիրող անորոշ վիճակն է: Բայց կարո՞ղ է ՀՀ Կառավարությունն ասել, թե կոնկրետ ինչ են անում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ: Իհարկե, չեն կարող, քանի որ Կառավարությունում նստած սպասում են, թե երբ պետք է Ռուսաստանում տնտեսական վիճակը կարգավորվի, որպեսզի հայ արտադրողները կարողանան կոնյակ կամ, ասենք, ձուկ արտահանել այդ երկիր:

ՀՀ Կառավարությունը սպասելուց բացի՝ ոչինչ չի կարող անել, քանի որ իրավիճակը շտկելու մարդկությանը հայտնի մնացած բոլոր գործիքները ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ են: Մասնավորապես, խոսքը Հայաստանի տնտեսությունը մենաշնորհների ճիրաններից ազատելու եւ մարդկանց տնտեսական գործունեություն ծավալելու ազատություն տալու ու օրենքը բոլորի համար միատեսակ կիրառելու, կամ այլ կերպ ասած՝ օլիգարխ-պաշտոնյա երեւույթի բացառման մասին է: Նման բան ներկա իշխանությունները չեն կարող անել, քանի որ դա նույնն է, թե նրանք ատրճանակը դնեն իրենց քունքին:

Այնուամենայնիվ, այդ ինչ ծրագրերի մասին է խոսում Հովիկ Աբրահամյանը, որոնք պետք է իրագործվեն երկրորդ կիսամյակում: Իհարկե, նա չի մանրամասնում, բայց խոսքը նոր վարկային միջոցների ներգրավման մասին է, որոնց փաստաթղթերը վաղուց կնքվել են, եւ սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին գումարներն արդեն կգան Հայաստան: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ միջոցները միմիայն կնպաստեն օլիգարխ-պաշտոնյաների, ասենք, նույն Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի, Սերժ Սարգսյանի մերձավորների, Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների, նախարարների եւ մնացած պաշտոնյաների էլ ավելի հարստացմանը: Վարկային միջոցները բնակչության կենսամակարդակի վրա այլեւս չեն կարող դրական ազդել, դրանք լավագույն դեպքում հնարավորություն կտան տնտեսության վերջնական փլզումը եւ մարդկանց վերջնական աղքատացումը հետաձգել, ոչ ավելին:

Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ներկա կառուցվածքով այն հասել է զարգացման իր գագաթնակետին, եւ եթե համակարգը չփոխվի, ապա բարելավում չի կարող լինել, եւ դա կապ չունի, թե վարչապետի պաշտոնում ով նստած կլինի՝ տնտեսագետ Տիգրան Սարգսյանը, թե դզող-փչողից իր կարիերան սկսած Հովիկ Աբրահամյանը, որն այս ընթացքում հասցրել է զբաղեցնել Հայաստանի բոլոր բարձրագույն պաշտոնները, բացառությամբ նախագահի աթոռի:
Այսինքն՝ ներկա իշխանություններին վաղուց ժամանակն է գիտակցել, որ Հայաստանի տնտեսության միակ խոչընդոտն իրենք եւ իրենց կառուցած համակարգն է, ու քանի դեռ այն չի փոխվել, տնտեսությունը չի կարող զարգանալ, առավելագույնը արտաքին պարտքի ավելացման հաշվին կարող է ինքնապահպանվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս