Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 6.9-7 դրամով կբարձրանա: Այսինքն՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան ներկայիս 41.85 դրամից կդառնա 48.85 դրամ: Այս թանկացումն իր բացասական ազդեցությունը կթողնի ոչ միայն բնակչության գրպանի, այլեւ երկրի տնտեսության վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Թամարա ֆրութ» ընկերության սեփականատեր Բորիս Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ըստ ամենայնի` Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով կթանկանա: Հերթական այս թանկացումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ձեր ընկերության գործունեության վրա:
-Եկեք միասին հաշվենք. այսինքն՝ այն մոտ 16.5 տոկոսով է թանկանալու, իսկ մեր ընկերության էլէներգիայի ամսական ծախսը կազմում է 2.5 մլն դրամ: Օրինակ՝ մեր ընկերությունը արտադրանք ունի, որը կարող է 10-20 դրամով թանկանալ: Չնայած, որ մենք ավելի մեծ քանակությամբ գազ ենք սպառում, քան էլէներգիա: Համարյա թե հավասար, ուղղակի 10 տոկոս տարբերությամբ գազն ավելի շատ ենք օգտագործում:
-Այսինքն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումից հետո կթանկանա նաեւ Ձեր ընկերության արտադրանքը: Որքա՞ն կկազմի այդ թանկացումը: Հաշվարկներ կատարե՞լ եք:
-Ընկերության արտադրանքը՝ միավորը, մոտ 2 տոկոսով կթանկանա:
-Իսկ հնարավո՞ր է Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին արտադրանքի գինը չթանկացնեք:
-Մենք կփորձենք չթանկացնել արտադրանքի գինը: Ինչի հետեւանքով, բնականաբար, մեր եկամուտը ընկերության շահույթի հաշվին կնվազի: Էլէներգիայի թանկացումն ընդհանուր արտադրանքի ինքնարժեքի վրա մոտ 1-2 տոկոս կկազմի: Մենք նաեւ ունենք սառեցրած սննդատեսակներ: Օրինակ՝ դեպի եվրոպական երկրներ ծիրան արտահանելիս ավելի շատ էլէներգիա ենք օգտագործելու, որովհետեւ այն սառեցվելու է, ինչը, բնականաբար, առանց էլէներգիայի չի ստացվի: Այստեղ արդեն էլէներգիայի սակագնի բարձրացումն իրենը կասի, եւ ինքնարժեքի մեջ հոսանքի բաժինը կմեծանա: Բնականաբար, մենք կարող ենք նաեւ տվյալ արտադրանքը 5 տոկոսով թանկացնել: Ընկերությունն արտադրանք ունի, որի ինքնարժեքի վրա 1 տոկոս, իսկ սառեցվածի վրա 5 տոկոս ազդեցություն կունենա:
-Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ ընկերությունն արտահանման հետ կապված խնդիրներ ունի՞:
-Արտահանման հետ կապված՝ ո՞ր ընկերությունը խնդիր չունի: Եւ չնայած դրան՝ մենք հիմա տարբեր երկրներից պատվերներ ենք հավաքում: Ես նոր եմ Հունգարիայից վերադարձել, եւ մոտ 200 հազար եվրոյի պատվեր ենք ընդունել, որպեսզի արտահանում իրականացնենք: Աստված տա, գյուղացու բերքը չփչանա, բավականին հարմար կլինի: Արդյունքում գյուղացին էլ կօգտվի:
-Հատկապես ո՞ր երկրներ եք ձեր արտադրանքն արտահանում:
-Արտահանում ենք դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես Գերմանիա: Օրինակ՝ այսօր օրգանական կոմպոտի պատվերներ ենք ստացել Գերմանիայից: Պատվերներ ստացել ենք նաեւ Հունգարիայից, հիմա աշխատում ենք ԱՄՆ-ի երեք նոր շուկաների հետ: Վաղուց ունենք Լոս Անջելեսի հայկական շուկան: Նախորդ տարվանից աշխատում ենք Նյու Յորքում գործող ռուսական շուկայի հետ: Հիմա էլ փորձում ենք մտնել հենց ամերիկյան շուկա, որը շատ բարդ է: Ռուսական շուկային լրացնող համարժեք շուկաներ ենք փնտրում:
-Իսկ այս ընթացքում ռուսական շուկայում իրավիճակն ինչպիսի՞ն է, կարգավորման միտումներ կա՞ն:
-Այս պահին դեպի ՌԴ արտահանում իրականացնում ենք: Մի փոքր դրական փոփոխություն կա: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Լավատես լինենք եւ ասենք, որ ռուսական շուկան առաջիկայում ամբողջովին կկարգավորվի: Այն ժամանակ, երբ ռուսական շուկայում վիճակն անկայուն էր, ռուսական ռուբլին արժեզրկվել էր, մենք մեր արտադրանքի գները էժանացրել էինք: Արդյունքում՝ մենք հիմա շահում ենք, որովհետեւ այդ տարբերակով միայն կարողացանք ռուսական շուկայում պահպանել մեր դիրքը: Սկզբում մենք ռուսական շուկայի հետ զրոյական եկամուտով էինք աշխատում, բայց հիմա քանի որ ռուբլին արժեւորվել է, փոքրիկ, բայց եկամուտ ունենում ենք:
– Իսկ ներքին շուկայում իրացման հետ կապված խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ:
– Ներքին շուկայի մասով զբաղվում է մեկ այլ ընկերություն: Մոտավորապես 10-15 տոկոսով ավելացել են արտադրության ծավալները, բայց մարժան է փոքրացել: Մարդկանց գնողունակության անկումն էլ իր հետքն է թողել: Ներքին շուկայում մենք միշտ եղել ենք, կանք ու կակտիվանանք եւ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Եվրոպական երկրներում մեր արտադրանքը մրցունակ է, որովհետեւ որակի հետ կապված ոչ մի խնդիր չունի: Իսկ եթե մեր արտադրանքի ինքնարժեքն էլ ցածր լիներ, ապա բավականին մեծ քանակությամբ արտադրանք կվաճառեինք Եվրոպայում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ