Շիրակի մարզում առաջնային խնդիր է անասնաբույժների պակասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում առաջնային խնդիր է անասնաբույժների պակասը: Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, բուժասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն Սիմոն Պողոսյանի խոսքով` մարզում ներկա պահին աշխատում է 78 անասնաբույժ, ինչը շատ քիչ է:

Մասնագետի ներկայացմամբ` անասնաբույժների պակասի խնդիրը զգալի է հատկապես Ամասիայի տարածաշրջանի Վերին ենթաշրջանում, որտեղ 12 գյուղ պարզապես չունի անասնաբույժ, եւ անասունների սպասարկման համար մասնագետները գործուղվում են Ամասիայից: Լուրջ խնդիր է նաեւ այս ոլորտում երիտասարդ կադրերի պակասը: Այսօր մարզում մնացել են միայն միջին տարիքի եւ տարեց անասնաբույժները, ովքեր կրթություն են ստացել հիմնականում ԽՍՀՄ տարիներին: Այս մասնագիտությունը երիտասարդներին չի հրապուրում, քանի որ պետությունն անասնաբույժի համար շատ քիչ վարձատրություն է սահմանել՝ մեկ կենդանուն պատվաստելու համար անասնաբույժին 2014 թվականին տրվել է 71 դրամ: 2015-ին գումարն ավելացել է՝ կազմելով 89 դրամ, իսկ վճարումն էլ կատարվում է ըստ կատարողական պլանների, տարեկան 4-5 անգամ` պատվաստումների ժամանակացույցի համաձայն:

Շիրակի մարզում գործում է նաեւ Ազատանի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման դեղատուն-կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են մարզի ֆերմերները:

Ի տարբերություն այս կենտրոնի՝ պատկերն այլ է Ամասիայի տարածաշրջանի «Անասնաբուժասանիտարական եւ բուժասանիտարական լաբորատոր ծառայությունների կետրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ առկա է ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ անհրաժեշտ սարքավորումների ու լաբորատոր միջոցների թարմացման կարիք: Աշխատակիցները բավարարվում են եղածով, կամ ինչպես իրենք փաստեցին՝ հինը հարմարեցնելով: Այստեղ աշխատանքն հատկապես դժվարանում է ձմռան ամիսներին, երբ մի կողմից նմուշների պահպանման հարցն է առաջ գալիս, մյուս կողմից՝ լաբորատորիայի ջեռուցման:

Նշենք, որ լաբորատորիան ձեռուցվում է հին ու մաշված կերոսինային ու սոլյարայուղային վառարան-ջեռուցիչներով, որոնք դեռ 88-ի աղետից հետո որպես հումանիտար օգնություն տրամադրվել են մարզի բնակչությանը: Կենտրոնի տարեց աշխատակցուհի Մարգարիտա Վարդանյանը նշում է, որ աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին կատարվեն բոլոր տեսակի լաբորատոր ստուգումները, քանի որ բերված արյունն ու շիճուկը նույնիսկ ժամկետից մեկ օր անց դառնում են ոչ պիտանի:

Ներկայացված պատկերն ամբողջանում է այն փաստի արձանագրմամբ, որ գյուղացիների ու անասնաբույժների ջուրը մի առվով հաճախ չի գնում: Բանն այն է, որ գյուղացիները միտումնավոր ներկայացնում են ավելի պակաս անասնագլխաքանակ, քան իրականում ունեն: Պետությունն էլ ըստ ներկայացվածի՝ տրամադրում է պատվաստանյութը: Արդյունքում անասնաբույժը մտնելով գյուղ ու այլ պատկեր տեսնելով` կանգնում է խնդրի առաջ:

Այս ամենով հանդերձ` չի կարելի չարձանագրել, որ մարզում խոշոր ու մանր եղջերավոր անասունների տարբեր հիվանդություններով վարակվելու դեպքեր ընթացիկ տարում չեն գրանցվել եւ անասնաբույժների կողմից ժամանակին իրականացված պատվաստումները տվել են իրենց արդյունքը:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս