Երեխաս բացարձակ չազդեց դերասանուհու կարիերայիս վրա. Սաթենիկ Հազարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը երկրորդ երեխայի ծնունդից անմիջապես հետո վերադարձավ ասպարեզ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչպես է կարողանում հաջողությամբ համատեղել դերասանական կարիերան երեխայի խնամքի հետ:

-Սաթենի՛կ, Ձեր երկրորդ բալիկի ծնունդից հետո, կարելի է ասել, ռեկորդային արագությամբ վերադարձաք եթեր. ստեղծագործական դադարը մեկ ամիս էլ չտեւեց: Ինչպե՞ս դա ստացվեց:

-Այո՛, երեխաս բացարձակ չազդեց դերասանական կարիերայիս վրա: Իմ դեպքում միշտ այդպես է եղել. երբ հղի էի իմ առաջնեկով, նկարահանվում էի սերիալում: Նույնը տեղի ունեցավ դստերս պարագայում: Նրա ծնվելուց հետո էլ անմիջապես վերադարձա ասպարեզ: Թե ինչպես եմ այս ամենը հասցնում, ինքս էլ չգիտեմ…

522391b79b861_medium

-Այդքան հագեցած առօրյայում Ձեր որդին օգնո՞ւմ է Ձեզ:

-Այո՛, մեծ բալիկս ինձ շատ է օգնում, իր քրոջն էլ շատ է սիրում, երբ օտար մարդիկ մոտենում, սիրում են, անմիջապես խանդում է, ասում է` Լյուսին միայն իմն է: Նա կարող է ժամերով օրորել քրոջը, իսկ ես այդ ընթացքում քնում եմ. իսկապես հրաշալի է նման օգնական ունենալը…

-«Անցյալի ստվերները» սերիալում հանդես եկաք չար կնոջ դերում: Վերջինս այնքան էր տարբերվում նախկինում Ձեր մարմնավորած մյուս կերպարներից, որ ոմանք չէին հաշտվում դրա հետ: Նման կտրուկ կերպարային փոփոխություն էլի անկնկալե՞նք:

-Այդ շրջանում ով ինձ տեսնում էր, ասում էր` դու էդքան նուրբ աղջիկ ես, ոնց ես կարողանում նման չար կնոջ դեր խաղալ: Կարծում եմ` էլի կլինեն դրսեւորվելու նման հնարավորություններ, համենայն դեպս, ես շատ եմ սիրում ինձ փորձել նման ընդգծված կերպարներում:

522391d6d4563_medium

-Ձեզ միանգամից հաջողվեց նոր առաջարկներ ստանալ: Հիմա սերիալներից, գեղարվեստական ֆիլմերից , թատրոնից ի՞նչ հրավերներ ունեք:

-«Որոգայթ» սերիալը վերածվել է լիամետրաժ ֆիլմի. այնտեղ ես խաղացել եմ մեկ դրվագում: Նաեւ Արման Մարությանից կատակերգությունում նկարահանվելու առաջարկ ունեմ: Նկարահանվել եմ Մոսկվայում, մեկ այլ ֆիլմում, սակայն այդ մասին փակագծերը դեռ չեմ բացի: Ընդգրկված եմ նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի մի ներկայացման մեջ. պրեմիերան, կարծում եմ, կլինի աշնանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս