«Ժառանգություն»-ը կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում հայության փրկության ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ»:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ISIS ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին և հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերևում կախված է լիակատար բնաջնջման վտանգը։ Նույնը սպառնում է նաև մյուս քրիստոնյա և եզդի փոքրամասնությանը: Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի համակարգված և կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ»:

«Ժառանգությունը» Հայաստանի իշխանություններից և համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:

«Մենք նաև կոչ ենք անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ և քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը»:




Լրահոս