
Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, “Գել” մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռեւս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ:
“Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ: Եւ որպեսզի կասկածներ չհարուցվեն, Գաբրիելյանն ասել է, թե “վերեւներին ասա՛, Վրաստանից են բերել”: Ուշագրավն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործն այդպես էլ այս դրվագի վրա ուշադրություն չի դարձրել:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, թե Վ. Մանուկյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Գ. Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործ ՀՔԾ-ում չի էլ հարուցվել: