ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է շարունակեն զարգանալ բնականոն հունով. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Դեսպանը նշել է, որ իր այցի նպատակն է Լատվիայի՝ Եվրամիության խորհրդում նախագահության ավարտից առաջ հանդիպել եւ քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը: ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանը, ընդգծել է, որ գագաթաժողովն ապացուցել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է շարունակեն զարգանալ բնականոն հունով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, շարունակում է կարեւորել ԵՄ-ի հետ երկխոսությունը:

Էդուարդ Շարմազանովը տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից կարեւորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք հայտնի սկզբունքների հիման վրա՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ, ինչի ջատագովն Ադրբեջանն է:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել 21-րդ դարում ԵՄ անդամ դառնալու նկրտումներ ունեցող Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունների նման դիրքորոշումը չի բխում տարածաշրջանային անվտանգության շահերից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են խորհրդարանական եւ միջկառավարական մակարդակով փոխայցերը, երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:




Լրահոս