ՀՀ Ազգային ժողովի նախանցյալ քառօրյայում խորհրդարան էր ներկայացել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նախատեսված էր Ազգային ժողովում քննարկել ԿԸՀ-ի ներկայացրած հաշվետվությունը 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Բայց ոչ նախանցյալ և ոչ էլ վերջին քառօրյայում այդ հաշվետվությունն այդպես էլ չքննարկվեց: Երեկ, երբ Տիգրան Մուկուչյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե ինչ պատճառով քննարկումը չկայացավ, և հնարավո՞ր է, որ մինչ նախագահական ընտրությունները այդպես էլ չքննարկվի, նա հետևյալ պատասխանը տվեց. “Հերթը ինձ չհասավ, դրա համար էլ չներկայացրեցի: Հարցերը հերթով զեկուցվում են, նախորդ հարցերի քննարկումն ավելի երկար տևեց, և նիստը ավարտվեց: Երբ հրավիրեն, այն պահին էլ կգնանք: Ազգային ժողովին սահմանված կարգով ներկայացրել ենք, հարցը օրակարգում է, և Աժ-ն երբ հարկ համարի, այն ժամանակ էլ կներկայացնենք”:
Չի բացառվում, սակայն, որ այդ հաշվետվությունը մինչև նախագահական ընտրություններ այդպես էլ քննարկման չդրվի: Հասկանալի է, որ սույն հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները բազում հարցեր են հնչեցնելու խորհրդարանական վերջին ընտրությունների վերաբերյալ, և մեկ անգամ ևս պարզ է դառնալու, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պարզապես անհրաժեշտություն են: Իսկ իշխող կուսակցությանն այդ փոփոխությունները պետք չեն: