«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը մտադիր են առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպել: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ը դեռեւս չի իրականացրել Դավիթաշենի եւ Վ. Փափազյանի հասցեում գտնվող շենքերի շինարարությունը վերսկսելու իր խոստումը:
«Տոնուս»-ից տուժած բնակարանատերերից «ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ բանկի ղեկավարությունը կրկին հետաձգել է շենքի շինարարության վերսկսումը մինչեւ հունիսի վերջ: Բայց բնակարանատերերն արդեն սկսել են չհավատալ բանկի ղեկավարության խոստումներին եւ մտադիր են առաջիկայում բողոքի ակցիա կազմակերպել:
Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը Դավիթաշենի թաղամասում եւ Փափազյան փողոցում նորակառույց շենքերի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկ»-ում: Իսկ երբ «Տոնուս»-ը սնանկ է ճանաչվել, բնակարաններն անցել են «Արցախբանկ»-ին, քաղաքացիներն էլ մնացել են ձեռնունայն: