Հայաստանի ամերիկյան համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ս.թ. հունիսի 8-10 իրականացրել է «Կառավարում և առաջնորդություն» դասընթաց, որին մասնակցել են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի մի շարք վարչությունների հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ՝ ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:
Ռազմավարական մակարդակում առաջնորդությանը և կառավարմանն առնչվող հիմնահարցերը մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրենի հրավերով Հայաստանում գտնվող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ Ծերունյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդանուր միության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում, որով հաստատված մի շարք ծրագրեր ուղղված են ՀՀ զինված ուժերի և պաշտպանության նախարարության կարողությունների կատարելագործմանն ու զարգացմանը՝ կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում: