Գազի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար թերեւս կարիք չկա մեկնաբանել: Ուստի գազի ներկրման եւ սպառման տվյալները որոշակի հստակ պատկերացում են տալիս Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Ըստ այդմ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 737 մլն 900 հազար խորանարդ մերտր գազ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ներկրված է եղել 812 մլն 300 հազ.մ/խ գազ: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գազի ներկրման ծավալները նվազել են 9,2 տոկոսով:
Ի դեպ, ներկրված գազից 92 մլն 500 հազար մ/խ-ը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, իսկ մնացածը՝ Ռուսաստանի Դաշնությունից: Իրանից գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի համար: Այսինքն՝ այն ընդհանուր գազամատակարարման համակարգի հետ կապ չունի: Ուշագրավ է այն փաստը, որ Իրանից գազի ներկրման ծավալը, անցած տարվա համեմատ, շատ չնչին` 600 հազար մ/խ -ով է նվազել: Այսինքն՝ անկումն ամբողջությամբ բաժին է հասնում Ռուսաստանից ներկրված գազին:
Տեղեկացնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում գազի բաշխման համակարգով իրացվել է 565 մլն 600 հազ. մ/խ գազ: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 674 մլն մ/խ, այսինքն՝ 2014 թվականի համեմատ այս տարի պակաս է բաշխվել 108 մլն 400 հազ. մ/խ գազ: Մասնավորապես բնակչության սպառած գազի ծավալները նվազել են 10 մլն 800 հազար մ/խ-ով, 2014-ին եղել է 222 մլն խ/մ, այս տարի դարձել է 211 մլն 200 հազար մ/խ: Այս տարի կտրուկ նվազել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները. 2014-ին եղել է 212 մլն 700 հազար, իսկ այս տարի՝ 116 մլն 400 հազար մ/խ: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվությունում, երբ նշվում է, թե էներգետիկ ոլորտը որքան գազ է սպառել, այդ թվի մեջ ներառվում են «Հրազդան ՋԷԿ»-ը եւ նույն ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որն իրավական տեսանկյունից առանձին կառույց է: Նշված երկու ՋԷԿ-ն էլ պատկանում են նույն «Գազպրոմ Արմենիային»: Էներգետիկայի ոլորտում գազի սպառման ծավալների անկումը թերեւս պայմանավորված է այն փաստով, որ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկն այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիա չի արտադրել եւ կանգնած է եղել: Ի դեպ, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը Հայաստանում ամենաթանկ էլէներգիան է արտադրում:
Արդյունաբերության սպառած էլէներգիան, անցած տարվա համեմատ, նվազել է 6 մլն 500 հազար մ/խ-ով` 54 մլն 500 հազար մ/խ-ից դարձել է 48 մլն մ/խ: Փոխարենը գազալցակայանների սպառած գազի ծավալները, ինչպես միշտ, շարունակել են ավելանալ. 2014 թվականի 105 մլն մ/խ-ը դարձել է 106 մլն 100 հազար մ/խ:
Սակայն առավել ուշագրավ է սպառված գազի դիմաց վճարումների վիճակագրությունը: Սպառված գազի դիմաց ընդհանուր վճարումները կազմել են 90 տոկոս: Այլ կերպ ասած՝ այս տարվա առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառված գազի 10 տոկոսի գումարն ընդամենը չի ստացել: Բայց ուշագրավն այն է, որ բնակչության կողմից սպառված գազի դիմաց վճարումները կազմել են 99 տոկոս, արդյունաբերության եւ գազալցակայանների կողմից օգտագործված գազի դիմաց վճարումները ոչ միայն ամբողջությամբ են կատարվել, այլեւ մի բան էլ այդ ոլորտներից յուրաքանչյուրում երեքական տոկոս էլ գերավճար է եղել: 49 տոկոսի կամ 7 միլիարդ 374 մլն դրամի չափով թերի վճարում արձանագրվել է էներգետիկայի ոլորտի կողմից գազասպառման դեպքում: Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը մեկ ընկերության մասին է` «Հրազդան ՋԷԿ»-ի, որը պատկանում է նույն «Գազպրոմ Արմենիային»:
Սա էլ դեռ ամենը չէ: Բանն այն է, որ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում «Հրազդան ՋԷԿ-ը» էներգետիկ համակարգ է առաքել 7 մլրդ 750 մլն դրամի էլէներգիա: Ավելին՝ ՀԷՑ-ը ամբողջությամբ վճարել է «Հրազդան ՋԷԿ»-ի էլէներգիայի դիմաց: Նշված ՋԷԿ-ի կողմից գազի դիմաց վճարումները գրեթե այնքան են կազմել, որքան այդ ընկերությունը ՀԷՑ-ից ստացել է՝ 7 միլիարդ 573 մլն դրամ: Ուստի բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է եղել մնացած 7 միլիարդ 374 միլիոնի գազը, որտե՞ղ է այն օգտագործվել, եւ ո՞վ է դրա համար վճարելու:
Կարո՞ղ է՝ մի օր էլ «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու իր ընկերության կորուստները մատնանշելով՝ առաջարկի սպառողին մատակարարվող գազի սակագինը բարձրացնել: Սա Հայաստանն է, եւ այստեղ ամեն ինչ հնարավոր է: Այստեղ տասնյակ միլիոնավոր դոլարների էլէներգիա եւ գազ է անհետանում, ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Իսկ քանի որ սպառողները, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ Սահմանադրությամբ իշխանության տերը նման վիճակը հանդուրժում է, ապա նա իրենից գողացված էլէներգիայի եւ գազի դիմաց եւս պետք է վճարի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ