Ազգային ժողովն այսօր քննարկում էր պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը: Հիմնական զեկուցողը Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն էր:
Նա պատգամավորներին ներկայացրեց, որ օրենքի ընդունման արդյունքում խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի, երկրում լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն: Գալստյանը նշեց, որ մասնավորապես նախատեսվում է իրականացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:
Արեգ Գալստյանը հավելեց, որ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է մինչև 330 միլիոն դոլար ներդրումներ կատարել, ներդրումներ կատարող ընկերությունը նախատեսում է 12.5 մլն խմ նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել: Նրա խոսքով, վերամշակման արդյունքում հնարավոր է ունենալ մի քանի տեսակի արտադրանք, այդ թվում՝ մետաղական խտանյութի տեսքով և ոչ մետաղական տարբեր նյութերի տեսքով: