ԱԺ-ն այսօր քննարկում էր «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող Գարեգին Նուշիկյանին հարց ուղղելիս հայտարարեց, թե տարիներ շարունակ այս ուղղությամբ կառավարությունը ոչինչ չի արել և հիմա բերվել է մի նախագիծ, որը պետք է իրականացնի ինչ-որ «Ալյոտիգ» ՍՊԸ, որն էլ պատրաստ է այս պոչամբարները շահագործել և դրանից եկամուտներ ստանալ: Նա Նուշիկյանից հետաքրքրվեց, թե ծանո՞թ են «Ալյոտիգ» ընկերության հետ և ինչքան է կազմում ընկերության կապիտալը:
Գարեգին Նուշիկյանը նշեց, որ ամենահեռավոր ճանապարհը սկսում է առաջին քայլից և հավելեց, թե այլ ընկերություն առաջարկով չի դիմել, այդ պատճառով էլ ընտրվել է հենց այդ ընկերությունը: «Այս կազմակերպությունն է դիմել նման առաջարկով, ներդրումային ծրագրով, այլընտրանք չի եղել և այս կազմակերպությունն է ընտրվել», – նշեց նա և հավելեց, թե հանդիպել է տնօրենին և լավ տպավորություն ստացել:
«Ես՝ որպես նախկինում գործարար, կարող եմ ասել, որ ներդրումային ծրագիր իրականացնելու համար պարտադիր չէ մեծ փորձ ունենալ, կարելի է մենեջերական լավ կազմ ներգրավել ու մեծ արդյունք ունենալ: Կարծում եմ` ծրագիրը կունենա տրամաբանական ավարտ»,- հավելեց նա:
Պատասխանի ընթացքում Զարուհի Փոստանջյանը ժպտում էր, իսկ Շարմազանովը նշեց. «Ձեր ժպիտը համաձայնության նշան է, մենք շատ ուրախ ենք, որ դուք ժպտում եք, շատ հաճելի ժպիտ ունեք»:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում, որի համար ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոն ներդրում: