Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել սպանության գործ: Ամբաստանյալի աթոռին է 48-ամյա Էդիկ Ա.-ն, ով մեղադրվում է իր կնոջը` Մելանյա Ա.-ին սպանելու մեջ:
Էդիկ Ա.-ն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է մեղադրական եզրակացությունից, սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ամուսինների միջև ծագած վիճաբանության հետևանքով:
Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Էդիկը 2014թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում, վերջինիս սպանելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` ապօրինաբար կնոջը զրկելով կյանքից:
Նշենք, որ որպես իրեղեն ապացույց դատարանին են ներկայացվել Մելանյայի շղթան, կուլոնը, հագուստները, դռան միջուկը և բանալին, Էդիկի բջջային հեռախոսը, հագուստները, ամուսնու և կնոջ եղունգները, ածելին և դանակը, քննչական փորձարարության տեսաձայնագրությունը, բազկաթոռի ծածկոցը, փորձագետի կողմից տրամադրված խծուծները, սկավառակը` 12 փաթեթներում:
Նշենք, որ այս դեպքին ավելի վաղ Armlur.am-ը անդրադարձել էր: Մեզ հետ զրույցում սպանվածի մայրը` տիկին Անահիտը, հայտնել էր, որ տարիներ շարունակ դստերը հորդորել են ամուսնալուծվել, հեռանալ Էդիկի կյանքից, սակայն հանուն երեխաների` Մելանյան շարունակել է մնալ հարբեցող, գործազուրկ ամուսնու կողքին. «Աղջիկս բարոյականության տիպար էր, ազնվության, բարության, նամուսի գերի: Էդ մի ամսին, երբ հեռացել էր ամուսնու մոտից, անընդհատ զանգում էր ամուսնու քույրերին, խնդրում էր, որ գնան իրենց ախպորը տեր լինեն, հանկարծ իրա գլխին մի փորձանք չբերի: Էնքան խղճով լի աղջիկ, որ մտածում էր՝ իրա էրեխեքն անհեր չմնան: Բայց ոչ մեկ չգնաց քույրերից: Ինքը պիտի ապացուցի էն, որ ասում է, թե աղջիկս իրեն դավաճանել է: Շատ միջոցներով կարող են դա պարզել: Հորը շատ սիրող երկու երեխաները հիմա պատրաստ են՝ թքեն իրենց հոր երեսին: Էսօր աղջկա հետ խոսում եմ, ասումա՝ տատի քեզնից շատ կնեղանամ, եթե ասես հեր ունեմ: Թքած ունեմ էդ հոր վրա: Ինքն ինձ համար ամենաթանկ մարդուն է ջնջել աշխարհի երեսից»,- արտասվելով պատմել էր տիկին Անահիտը:
Այժմ սպանության գործն արդեն դատարանում է: Մնում է սպասել` ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, ինչ որոշում կկայացնի դատարանը:
Ի դեպ, կնոջը սպանելուց հետո Էդիկը ինքնասպանության փորձ էր արել: Նա երկար ժամանակ բուժում էր ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: