«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի, Ալան Միլի եւ հայկական պատվիրակության անդամների հանդիպումն անցել է թեժ մթնոլորտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համազեկուցողներին մեղադրել են միակողմանի եւ իրականության հետ կապ չունեցող փաստաթուղթ կազմելու մեջ: Նշված համազեկուցողները ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հունիսի 22-ից 26-ը կայանալիք ամառային նստաշրջանի ժամանակ պատրաստվում են քննարկման ներկայացնել բանաձեւի մի նախագիծ, որտեղ նշված է, թե իբր «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:
Փաստաթուղթը հիմնված է միայն Ադրբեջանի կարծիքի վրա, իսկ Հայաստանի տեսակետի մասին խոսք անգամ չկա: Հիշեցնենք, որ սա հենց այն փաստաթուղթն է, որը կանխել չկարողանալու համար ժամանակին սուր քննադատության ենթարկվեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: