Կես տարվա ընթացքում բանակում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով երեք քրեական գործ հարուցվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11-ին՝ ժամը 01:33-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում մահացել էր Արցախի Հանարպետության  Բերձորի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանը:

Ըստ նախնական տվյալների` Էդգարը իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Էդգարին մեկ շաբաթ էր մնացել` ծառայությունը ավարտելու համար:

Այս դեպքում զարմանալի է, թե ինչը կարող էր լինել կատարվածի պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերձոր համայնքի ղեկավար Արթուր Սահակյանն ասաց, որ իրենց համար եւս կատրվածը շատ տաօրինակ է. «Կարծում եմ, որ տղան չէր կարող այդ քայլին գնալ, միգուցե, կատարվածը պատահականություն է եղել: Թե չէ, Էդգարը լավ ծառայում էր, որեւէ խնդիրը չի եղել այս ընթացքում: Եթե լիներ, մենք կնկատեինք, հայրը հաճախակի կգնար, բայց այս ընթացքում նման բան չենք նկատել: Ծնողներն էլ չգիտեն, թե ինչն է եղել կատարվածի պատճառը, եւ հիմա գնացել են տղայի զորամաս, կոնկրետ դիրքեր են գնացել՝ հասկանալու համար, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել»:

Ըստ համայնքի ղեկավարի՝ միգուցե դեպքը տեղի է ունեցել զենքի հետ աշխատելիս. «Դե, բոլորս էլ ծառայել ենք, միգուցե զենքը քանդել են, մաքրեն եւ նման այլ բաներ, ինչն էլ պատահական կրակել է»:

Նկատենք, որ սա այս տարվա առաջին դեպքը չէ ԼՂՀ ՊԲ-ում: Հիշեցնենք, որ 2015թ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողն ինքն իրեն ստորին ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ալբերտը Երեւան քաղաքի բնակիչ էր, եւ նրա հարեւաններն ու հարազատները վստահեցնում էին, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, թե տղան ինքնասպանություն է գործել:

Սա էլ դեռ վերջը չէ. մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Ղամբարյանը: Տղայի մահվան դեպքի առթիվ եւս հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Վերջինիս հարազատները պնդում են, որ նա ինքնասպան լինել չէր կարող:

Այսպիսով՝ 6 ամիսների ընթացքում երեք զինվորի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել: Համաձայնեք՝ ցուցանիշն իսկապես մտահոգիչ է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս