Այսօր տեղի է ունենում առաջին Եվրոպական խաղերի բացումը, բայց այս իրադարձությունը հայտնվել է ստվերում ընդունող բռնատիրական երկրի` նախկին խորհրդային պետության պատճառով, որը հայտնի է նավթի իր հարուստ պաշարներով, այլակարծության հանդեպ զրոյական հանդուրժողականությամբ ու իշխանությունների շարքում բարձր կոռուպցիայով, գրում է USA Today-ը:
Նշվում է, որ Ադրբեջանը մոտ 1 միլիարդ դոլար է ծախսել 50 երկրից շուրջ 6000 մարզիկների ժամանման համար: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում նրանք կմրցեն շուրջ 20 մարզաձևերում:
Սակայն USA Today-ը գրում է, որ դեռևս խաղերի բացման նախօրեին պարզ դարձավ, որ ոչ բոլորի համար են Բաքվի դռները բաց: Մարդու իրավունքները պաշտպանող խմբերն ու որոշ օտարերկրյա լրագրողներ ահազանգում են, որ նրանց արգելել են մասնակացել միջոցառումներին:
«Ադրբեջանը ցանկանում է այս խաղերն անցկացնել` առանց քննադատությունների»,- USA Today-ին ասել է Amnesty International-ի տարածաշրջանային հարցերով զբաղվող մասնագետ Լևան Ասասթիանին: Վերջինս հավելել է, որ Ադրբեջանն արդեն «մաքրել» է բոլորին, ովքեր քննադատում են երկրի իշխանություններին ներսում, իսկ այժմ այն փակ պետություն է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համար: