Ամփոփվել են Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 8-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում ամփոփվել են «Երևանյան ամառ-2015» ծրագրի շրջանակում «Հնչում է Երևանը» խորագրով անցկացված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 8-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները:

Մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասը դպրոցները ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ առաջին եռյակը կազմող դպրոցները՝ նաև խորհրդանշական արձանիկ-մրցանակներով ու դրամական պարգևներով։

Մրցակարգով սահմանված լավագույն տասնյակը գլխավորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ Մրցութային 2-րդ տեղում է Ղազարոս Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը 3-րդն է։ Լավագույն եռյակին պատվոգրերն ու մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը:

Լավագույն տասնյակում 4-10-րդ տեղերում են Արմեն Տիգրանյանի անվան, Կոնստանտին Սարաջյանի անվան, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցները, Ավետ Տերտերյանի անվան, Բարսեղ Կանաչյանի անվան, Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցները, և տասնյակը եզրափակում է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը։

Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 8-րդ մրցույթ-փառատոնի «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սան Մերի Մուսինյանը (քանոն)։
Մրցույթն անցկացվել է 10 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարանների համույթներ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն։

Մայիսի 11-24-ը անցկացված մրցութային լսումներին մասնակցել է շուրջ 2000 աշակերտ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր 25 դպրոցներից։

Մասնակիցներին գնահատել է հեղինակավոր երաժիշտներից կազմված շուրջ 2 տասնյակ անդամով մասնագիտական ժյուրին, որը նախագահել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։
Մրցույթ-փառատոնի գալա-համերգը, ինչպես ամեն տարի, ավարտվել է Երևանի օրհներգով, որը կատարել են Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերի սաները։




Լրահոս