
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները:
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են քաղաքապետարանի հետ քննարկել և իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:
Շնորհավորելով քաղաքապետին պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ` Անդրեյ Սորոկինը աշխատանքային հաջողություններ է մաղթել կարևոր ու պատասխանատու պաշտոնում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի դիրքորոշումը համագործակցության պատրաստակամության և ընդլայնման վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման, խորհրդատվության ապահովման և հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր: