Ընդվզում Հրայր Թովմասյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրազդան” ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը լրագրողներին խնդրում է այցելել իրեն։ Նա տարածել է հայտարարություն։
“20.11.2012-ին, այսպես կոչված, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:
Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ “Հրազդան” ՔԿՀ-ից “Նուբարաշեն” ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով՝ միաժամանակ հայտարարելով հացադուլ եւ կարելով աչքերս:
Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել նախագահի հրահանգը: Սակայն որ տեսանկյունով նայում եմ, ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը:
Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին: Ավելին, 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:
Վիրավորված եմ ինձ զգում նաեւ այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, եւ մեծ հաշվով մենք եւ մեր խնդիրները, ինչպես նաեւ բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին:
Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձեւով խաբել եք եւ չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012-ին հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պարոն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլեւս ընդունելի չէ ինձ համար):
Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով եւ ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ:
Դե ինչ, կհանդիպենք “Հրազդան” ՔԿՀ-ում:
Ընդմիշտ ձեր, դատապարտյալ Հայկ Գալստյան
Վճռական եմ շարունակել հացադուլս մինչեւ վերջ՝ անկախ հետեւանքներից իմ առողջության համար”:




Լրահոս