Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկյան արտադրության «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էին գլխավոր դերակատարներ Արման Նշանյանը, Ջեսիկա Ուբերուագայը, Փոլ Սլոնը, Մայք Հեթոնը: Ցուցադրությունից հետո համացանցում բուռն քննարկումներ ծավալվեցին: Ֆիլմը դիտողներից ոմանք սոցցանցերում գրեցին, որ այն ուղեկցվում էր «արյունոտ, զզվելի տեսարաններով, մերկ աղջիկների խաղով»: Օգտատերերն անգամ նշել էին, որ ֆիլմը կարելի է համարել տապալված, քանի որ ոմանք զայրույթից լքել էին դահլիճը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ֆիլմի դերակատարներից Արման Նշանյանի հետ, ով նախ բացատրեց, որ դա ֆիլմի պրեմիերա չի եղել, եւ ֆիլմը չի հանձնվել հայ հասարակության դատին, ու թեեւ դահլիճում ներկա է եղել 250 հոգի, դա եղել է ընդամենը փակ ցուցադրություն: Նրա խոսքով` դահլիճը լքողներ էլ չեն եղել:
Ոմանց հետաքրքիր է` եթե դա ընդամենը փակ դիտում էր, ինչո՞ւ էր Արման Նշանյանը ներկայացել նման շքեղ տեսքով, քայլել կարմիր գորգի վրայով եւ այլն. «Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ երկրորդը նկարահանվում է Հայաստանում: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսները ներկայանում են ֆիլմի պրեմիերայի, ուստի հենց կարմիր գորգի վրա էլ տեղի են ունեցել ֆիլմի երկրորդ հատվածի նկարահանումները: Թե չէ ես ինչու պետք է էդպես «շուխուրով» ներկայանայի այդ ֆիլմի դիտմանը: «Վրիժառուի օրագիրը» նախատեսված չէր ցուցադրել Հայաստանում, պարզապես ես պրոդյուսերի հետ մտերիմ եմ, եւ նա զիջեց»,-մեկնաբանեց Արման Նշանյանը:
Ինչ վերաբերում է հնչած քննադատություններին` դերասանը խորհուրդ տվեց «Վրիժառուի օրագիրը» չհամեմատել «համաշխարհային շեդեվրների» հետ` դա համարելով տգիտության հետեւանք. «Տարանտինոյի ֆիլմերում էլ շատ տեսարաններ կան, որոնցում արյունը չափազանց շատ է, բայց դա իր ոճն է. ԱՄՆ-ում դա ընդունված երեւույթ է: Իմ կերպարն ինձ դուր է եկել, բայց ասեմ, որ ես էլ եմ աշխատել դրա վրա, սկզբում այն մակերեսային, դատարկ կերպար էր, շատ վուլգար բաներ էին գրված, շատ բաներ ես փոխել եմ, ավելացումներ եմ արել»,-ասաց նա:
Արման Նշանյանը հիշեցրեց, որ ֆիլմը էքշըն ժանրի է, եւ անկեղծացավ. «Սա իմ ժանրի ֆիլմ չէ, իմ ճաշակի ֆիլմ չէ, չեմ ստի եւ կասեմ, որ ես տոմս չէի գնի եւ դիտեի այս ֆիլմը, բայց, համենայն դեպս, համեստ բյուջեով հոլիվուդյան արտադրանք է. ով ոնց ուզում է` թող հասկանա»:
Աննա Բաբաջանյան