ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել: «Ժողովուրդ»-ը փոքրիկ համեմատությամբ ուշագրավ իրողություն բացահայտեց: Օրինակ՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հզ. 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հզ. 300 է: Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հզ. է, իսկ բնակչության պաշտոնական թիվը` 21 հզ. 300: Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյանում եւ Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչեւ տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մի 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հզ. 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հզ. 474: Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել:

 

 

 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Որպես պերսոնա պետք է պատժվի»: Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով, որ ՀԷՑ-ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել: ՀՀԿ-ականների այս զայրույթի իրական պատճառը, թերեւս, այն է, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Բիբինն իրեն պահել է տանտիրոջ, կամ ավելի ճիշտ, գաղութատիրոջ պես, ինչը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել: Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրում գտնվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահներին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից քրեական գործի նյութերն էր պահանջել ընդամենը: Այս պահին, սակայն, հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք Պերմյակովի դատի ժամանակ, որն, ինչպես մի քանի անգամ հայտարարել է ռուսական կողմը, տեղի է ունենալու ՌԴ դատարանում, Հայաստանի դատախազությունը կկարողանա մեղադրանք ներկայացնել, թե՞ ոչ:

 

 

 

 

ԱՊԱԵՎՐՈՊԱՑՈՒՄ

Հունիսի 12-ին իր հարկի տակ առաջին Եվրոպական խաղերն անցկացնող Ադրբեջանը հետզհետե ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից եւ դեռ խորհրդային տարիներից հայտնի իր «լայն քայլերով» գնում դեպի Ռուսաստանի գիրկը: Անցած շաբաթ այդ երկրում ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգողի` ադրբեջանական ծագմամբ ֆրանսիացի դիվանագետ Ա. Շահթաթինսկու սկանդալային պաշտոնանկությունից հետո պաշտոնական Բաքուն հայտարարեց այդ երկրում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին: «Ազատության» փոխանցմամբ` նման պահանջով դիվանագիտական նոտան արդեն իսկ ուղարկվել է ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնակայան: Բաքուն մեկ ամիս ժամանակ է տրամադրել ԵԱՀԿ-ին Ադրբեջանի մայրաքաղաքում աշխատանքն ավարտելու համար` այդպես էլ չներկայացնելով նման որոշում կայացնելու պատճառը:
Նկատենք, որ հատկապես վերջին շրջանում Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի առնչությամբ առավել հաճախ եւ կոշտ ձեւակերպումներով հնչող եվրոպական քննադատությանը Ալիեւի վարչակազմն արձագանքում է ոչ պակաս կոշտությամբ: Մասնավորապես` ԵԱՀԿ գրասենյակի փակման այս որոշումն էլ հենց Ադրբեջանի հասցեին այդ կառույցի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված քննադատության պատասխանն էր: Հիշեցնենք, որ Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի ծրագրերի համակարգողին պաշտոնանկ էին արել այն բանի համար, որ նա չափազանց սերտ հարաբերություններ ուներ Ալիեւի եւ Մամեդյարովի հետ, որոնց հետ հրապարակած լուսանկարները հատուկ քննարկման առարկա էին դարձել ԵԱՀԿ կենտրոնակայանում: Բացի այդ` մայիսի 21-ին Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված մեդիա-ֆորումի ընթացքում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ուղիղ տեքստով կոչ արեց դադարեցնել համագործակցությունը այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է, որտեղ պարբերաբար լրագրողներ են ձերբակալվում: Դե, իսկ Ռիգայի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում Ղարաբաղի հետ կապված ձեւակերպումների շուրջ անհամաձայնության արդյունքում Ադրբեջանի արտգործնախարարի դեմարշից հետո եվրոպաշտոնյաների հնչեցրած գնահատականները` ոչ խելամիտ, անհավասարակշիռ, եւ այլն, առավել տեսանելի դարձրին խորացող խզումը:
Մի կողմից սա, իհարկե, ուրախալի է այն իմաստով, որ Եվրոպայում գուցե վերջապես կհասկանան, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք չէ դիտարկել նույն հարթությունում: Մյուս կողմից, սակայն, դա մեզ ոչինչ չի տա, քանի որ Եվրոպայից վանվող Ադրբեջանը առավել ակտիվ քայլեր կանի հակառակ բեւեռին` Ռուսաստանին առավել սերտորեն մոտենալու համար, իսկ դա, բնականաբար, տեղի կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ առաջին հերթին` Հայաստանի շահերի հաշվին:




Լրահոս