
2014թ. բյուջեի կատարողականի քննարկումը ցույց տվեց, որ խոստացված 3,6 տոկոս տնտեսականն աճն իրականություն չէ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Անդրադառնալով անցած կիրակի տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին` Բիշարյանը ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքացիներից շատերն ընտրություններին մասնակցել են ID քարտերով: «Դա մտացածին երևույթ էր, հաղթողները հաղթեցին այդ միջոցով»,- ընդգծեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ՕԵԿ նախագահի պաշտոնից և ղեկավարի «Հայկական վերածնունդ» հասարակական- քաղաքական միավորումը, Բիշարյանը պատասխանեց. «Այն, որ համախմբում է տեղի ունենում, դա շատ լուրջ գաղափար է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ համախմբումը լուրջ հաջողություններ բերի առաջիկա ընտրություններում: Սա համախմբում չէ ՕԵԿ-ի շուրջ, դա հետագայում դառնալու է մեկ միավոր»:
Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ի ղեկավարի պաշտոնը վստահի իրեն, Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ին նոր նախագահ պետք չէ: Իսկ այն դիտարկմանը, թե երկրին նոր նախագահ պե՞տք է, նա նշեց. «Մեր երկրին և՛ նոր նախագահ է պետք, և՛ նոր վարչապետ»: