Գազի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար թերեւս կարիք չկա մեկնաբանել: Ուստի գազի ներկրման եւ սպառման տվյալները որոշակի հստակ պատկերացում են տալիս Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Ըստ այդմ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 737 մլն 900 հազար խորանարդ մերտր գազ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ներկրված է եղել 812 մլն 300 հազ.մ/խ գազ: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գազի ներկրման ծավալները նվազել են 9,2 տոկոսով:
Ի դեպ, ներկրված գազից 92 մլն 500 հազար մ/խ-ը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, իսկ մնացածը՝ Ռուսաստանի Դաշնությունից: Իրանից գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի համար: Այսինքն՝ այն ընդհանուր գազամատակարարման համակարգի հետ կապ չունի: Ուշագրավ է այն փաստը, որ Իրանից գազի ներկրման ծավալը, անցած տարվա համեմատ, շատ չնչին` 600 հազար մ/խ -ով է նվազել: Այսինքն՝ անկումն ամբողջությամբ բաժին է հասնում Ռուսաստանից ներկրված գազին:
Տեղեկացնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում գազի բաշխման համակարգով իրացվել է 565 մլն 600 հազ. մ/խ գազ: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 674 մլն մ/խ, այսինքն՝ 2014 թվականի համեմատ այս տարի պակաս է բաշխվել 108 մլն 400 հազ. մ/խ գազ: Մասնավորապես բնակչության սպառած գազի ծավալները նվազել են 10 մլն 800 հազար մ/խ-ով, 2014-ին եղել է 222 մլն խ/մ, այս տարի դարձել է 211 մլն 200 հազար մ/խ: Այս տարի կտրուկ նվազել է էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները. 2014-ին եղել է 212 մլն 700 հազար, իսկ այս տարի՝ 116 մլն 400 հազար մ/խ: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվությունում, երբ նշվում է, թե էներգետիկ ոլորտը որքան գազ է սպառել, այդ թվի մեջ ներառվում են «Հրազդան ՋԷԿ»-ը եւ նույն ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որն իրավական տեսանկյունից առանձին կառույց է: Նշված երկու ՋԷԿ-ն էլ պատկանում են նույն «Գազպրոմ Արմենիային»: Էներգետիկայի ոլորտում գազի սպառման ծավալների անկումը թերեւս պայմանավորված է այն փաստով, որ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկն այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիա չի արտադրել եւ կանգնած է եղել: Ի դեպ, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը Հայաստանում ամենաթանկ էլէներգիան է արտադրում:
Արդյունաբերության սպառած էլէներգիան, անցած տարվա համեմատ, նվազել է 6 մլն 500 հազար մ/խ-ով` 54 մլն 500 հազար մ/խ-ից դարձել է 48 մլն մ/խ: Փոխարենը գազալցակայանների սպառած գազի ծավալները, ինչպես միշտ, շարունակել են ավելանալ. 2014 թվականի 105 մլն մ/խ-ը դարձել է 106 մլն 100 հազար մ/խ:
Սակայն առավել ուշագրավ է սպառված գազի դիմաց վճարումների վիճակագրությունը: Սպառված գազի դիմաց ընդհանուր վճարումները կազմել են 90 տոկոս: Այլ կերպ ասած՝ այս տարվա առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառված գազի 10 տոկոսի գումարն ընդամենը չի ստացել: Բայց ուշագրավն այն է, որ բնակչության կողմից սպառված գազի դիմաց վճարումները կազմել են 99 տոկոս, արդյունաբերության եւ գազալցակայանների կողմից օգտագործված գազի դիմաց վճարումները ոչ միայն ամբողջությամբ են կատարվել, այլեւ մի բան էլ այդ ոլորտներից յուրաքանչյուրում երեքական տոկոս էլ գերավճար է եղել: 49 տոկոսի կամ 7 միլիարդ 374 մլն դրամի չափով թերի վճարում արձանագրվել է էներգետիկայի ոլորտի կողմից գազասպառման դեպքում: Իսկ ավելի կոնկրետ՝ խոսքը մեկ ընկերության մասին է` «Հրազդան ՋԷԿ»-ի, որը պատկանում է նույն «Գազպրոմ Արմենիային»: Սա էլ դեռ ամենը չէ: Բանն այն է, որ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում «Հրազդան ՋԷԿ-ը» էներգետիկ համակարգ է առաքել 7 մլրդ 750 մլն դրամի էլէներգիա: Ավելին՝ ՀԷՑ-ը ամբողջությամբ վճարել է «Հրազդան ՋԷԿ»-ի էլէներգիայի դիմաց: Նշված ՋԷԿ-ի կողմից գազի դիմաց վճարումները գրեթե այնքան են կազմել, որքան այդ ընկերությունը ՀԷՑ-ից ստացել է՝ 7 միլիարդ 573 մլն դրամ: Ուստի բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է եղել մնացած 7 միլիարդ 374 միլիոնի գազը, որտե՞ղ է այն օգտագործվել, եւ ո՞վ է դրա համար վճարելու: Կարո՞ղ է՝ մի օր էլ «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու իր ընկերության կորուստները մատնանշելով՝ առաջարկի սպառողին մատակարարվող գազի սակագինը բարձրացնել: Սա Հայաստանն է, եւ այստեղ ամեն ինչ հնարավոր է: Այստեղ տասնյակ միլիոնավոր դոլարների էլէներգիա եւ գազ է անհետանում, ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Իսկ քանի որ սպառողները, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիները, այսինքն՝ Սահմանադրությամբ իշխանության տերը նման վիճակը հանդուրժում է, ապա նա իրենից գողացված էլէներգիայի եւ գազի դիմաց եւս պետք է վճարի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԱԼԱՉԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞ՌԸ
Կիրակի օրը Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցել են ՕԵԿ-ականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պաշտպանել են «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի թեկնածությունը: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ գրեթե ողջ օրն անցկացրել է Ա. Հարությունյանի նախընտրական շտաբում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է վերջինից պարզել՝ արդյո՞ք ՕԵԿ-ը պաշտոնապես էր Ա. Հարությունյանի թեկնածությունը սատարում: «ՕԵԿ-ը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկին չի սատարել, մեր կուսակցականները, մեր մարզային կառույցի անդամները պաշտպանել են, քվեարկել են, սատարել են նրան, ում գտել են նպատակահարմար… Ես անձամբ ներկա եմ գտնվել Աբովյանում, որովհետեւ այնտեղ էին ՕԵԿ անդամները, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են եղել, եւ փորձել եմ կարգավորել այն խնդիրները, որոնք կառաջանային»: Իսկ թե ինչու հենց հատկապես Ա. Հարությունյանի շտաբում «կարգավորել», դա էլ երեւի պատահականություն է: Ամեն դեպքում, այժմ գոնե հասկանալի է, թե Արթուր Հարությունյանն ինչու ընտրություններում այդքան վատ արդյունքներ ունեցավ:
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱՂԹԵՑ
Ալավերդիում այս կիրակի տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ողջ ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղում անձամբ «վերահսկել» է իրավիճակը: Արդյունքում հաղթեց Շարմազանովի թեկնածուն: Ինչպե՞ս ստացվեց: «Ժողովուրդ»-ի այս հարցին Շարմազանովը պատասխանեց. «Ուղղակի իմ ընտրողներին կողմնորոշելու խնդիր կար, ու իմ ընտրողներին, իմ քաղաքացիներին իմ կարծիքն ասացի: Ասել եմ շատ հստակ, բաց ու հրապարակային»:
ԻՆՉ ԿՏԱ ՄԵԶ
Հայաստանի իշխանական վերնախավում շարունակում են քննարկել Չինաստանի 9 մլն բնակիչ ունեցող Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորած պատվիրակության այցը Գյումրի: Կարծիք կա, որ Բալասանյան-Չինաստան մերձեցումը Սերժ Սարգսյանի՝ վերջերս Չինաստան կատարած պաշտոնական այցի շարունակությունն է եւ նույնիսկ կարող է գեոքաղաքական հետեւանքներ ունենալ: Բայց միեւնույն ժամանակ պարզ չէ, թե ռեալ եւ շոշափելի ինչ հետեւանքներ կունենան այդ այցերը՝ ներդրումների տեսքով: Չի բացառվում, որ ամեն ինչ մնա արձանագրությունների եւ հռչակումների մակարդակում:
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 16-18-ը Երեւանում տեղի ունեցան Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստերը: Պարզվում է՝ ծախսերը հոգալու է ՀՀ Կառավարությունը ՀՀ 2015 թ. պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: 45 մլն դրամ հատկացնելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը երեկ է ստորագրել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԲԱՔՎԻՑ
Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ից 13-ը Բաքու մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Բաքվում Պուտինը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
3 ԹԵԿՆԱԾՈՒ
Ազգային պատկերասրահի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա հունիսի 12-ին։ hraparak.am-ի տեղեկացմամբ` տնօրենի թափուր պաշտոնի համար եղել է 3 դիմում-հայտ, բայց թե ովքե՞ր են տնօրենի պաշտոնի համար հայտեր ներկայացրել, մշակույթի նախարարությունից հրաժարվել են լրատվամիջոցին տեղեկացնել։
ՎԵՐՋԱՊԵՍ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ երեկ Կառավարությունում վերջապես ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:
ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նախագահ Էրդողանի հենարանը հանդիսացող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ակնկալվածից քիչ քվեներ է ստացել` ձայների շուրջ 40,86 տոկոսը: Արդյունքում՝ անհրաժեշտ 276 մանդատի փոխարեն ԱԶԿ-ն խորհրդարանում 258 մանդատ կունենա` այսպիսով չկարողանալով միանձնյա կառավարություն ձեւավորել:
ՉԻ ՀԱՂԹԵԼ
Երեկ եռաբլուրում Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով Armlur.am-ի` Արտաշատում կայացած ընտրությունների մասին հարցին, ասել է.«Ճիշտ կլիներ, որ լիներ մրցակցություն, Ձեզ մոտ էլ այլ հարցեր չէին առաջանա: Բայց մենք որեւէ քայլ չենք արել, որպեսզի մնար մեկ թեկնածու»: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե որդուն կշնորհավորի միայն այն ժամանակ, երբ տեսնի մեկ տարվա արդյունքը եւ արտաշատցիների գոհունակությունը: Ի դեպ, Աբրահամյանը շեշտել է, որ մրցակցության բացակայության պարագայում հաղթանակ չի կարող լինել. «Նա ընտրվել է»,-ասել է վարչապետը: