ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԻՐԱՐ ՎՐԱ ՄԱՏ ԹԱՓ ՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում շարունակվեցին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացրած «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդման քննարկումները:

Առաջինը ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում սուր ելույթը պատճառ դարձավ, որպեսզի հանրապետական պատգամավորները հերթով ելույթ ունենան եւ պաշտպանեն գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Ընդ որում, այդ «սուրբ պարտականությունն» իրենց վրա էին վերցրել հատկապես ՀՀԿ խմբակցության երիտասարդական թեւի այն ներկայացուցիչները, ովքեր համարվում են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմի անդամները:
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Փաշինյանը քննադատեց դատախազի պահվածքը խորհրդարանում եւ ընդգծեց, որ այդ ամենը չստացված շոու է հիշեցնում: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու «քաջագործություններին»` նա նշեց, թե վերջինս Մաշտոցի պողոտայի «մայթերով» ազատորեն վարում էր մեքենան այն դեպքում, երբ նրան որոնում էին ոստիկանները: «Նախագահականից Սերժիկ հոպարն ասում է` երեխային ու նրա «Brabus»-ին բաց թողեք», – նշեց նա:
Փաշինյանն անարձագանք չթողեց նաեւ Գեւորգ Կոստանյանի` ԱԺ ամբիոնից չափազանց ակտիվ ժեստիկուլյացիայով խոսելու հանգամանքը` կարծիք հայտնելով, թե գլխավոր դատախազը չի հասկանում` որտեղ է գտնվում: «Մատը սենց է անում, նենց է անում: Ձեր մատը Ձեզ պահեք եւ օգտագործեք այն ճիշտ նշանակությամբ: Ի՞նչ է նշանակում ցուցամատով մատ թափ տալ պատգամավորի վրա: Ես Ձեզ եւ Ձեր նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ բացատրել»,- հավելեց Փաշինյանը:
Նիստի ընդմիջմանը` լրագրողների հետ զրույցում, Կոստանյանը պատասխանեց Փաշինյանի քննադատություններին եւ նշեց, թե ժեստիկուլյացիան ընդհանրապես մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: «Ես ասել եմ, որ պատրաստ եմ ընդունել ցանկացած տիպի քննադատություն, եթե դրանք կառուցողական են: Ես ժամանակի կորուստ եմ համարում անհիմն, անհեթեթ հայտարարությունները դարձնել քննարկման առարկա: Պատգամավոր չէ, որեւէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել», – ընդգծեց Կոստանյանը: Սակայն նշենք, որ գլխավոր դատախազն այնքան էր լարվել նիստերի դահլիճում իր հասցեին հնչած քննադատություններից, որ լրագրողների հետ զրույցում Վիկիլիքսն ու Վիկիպեդիան շփոթեց: Երբ ցանկանում էր լրագրողներին բացատրել, որ կարող ենք ժեստիկուլյացիայի մասին կարդալ, նշեց ոչ թե Վիկիպեդիա, այլ Վիկիլիքս, ապա արագ ուղղեց սխալը:
Արդեն ընդմիջումից հետո իշխանական պատգամավորները սկսեցին իրենց ելույթներում գովել Կոստանյանին եւ վատաբանել Փաշինյանին: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հենց ելույթի սկզբում նշեց, որ ինքը Գեւորգ Կոստանյանի ընկերն է, ում հետ աշխատել է պետական համակարգում եւ գիտի վերջինիս մարդկային որակների մասին: Մարտիրոսյանի գնահատմամբ` Գ. Կոստանյանը ապացուցել է, որ գործելու է արդարությունն ու օրինականությունն ամեն ինչից վեր դասելու կանոնով: «Так держать»,- դիմելով Կոստանյանին` քաջալերեց Մարտիրոսյանը:
«Մենք միթե՞ սպասում էինք, որ համակարգային գլխավոր խնդիրները մեկ տարում պետք է լուծվեին»,- անդրադառնալով քննադատություններին՝ շտապեց Կոստանյանին պաշտպանել արդեն Սամվել Ֆարմանյանը: «Պարո՛ն Փաշինյան, եթե ժեստիկուլյացիաների հարցում վիճակագրություն կազմվի, Դուք պատմության մեջ առաջ կանցնեք անգամ Ադոլֆ Հիտլերից, ով առաջին տեղում է»,- ասած Ֆարմանյանը` գլխավոր դատախազին խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել «թատերականացված» ելույթներին:
Երեկ Կոստանյանին պաշտպանելու «սուրբ գործին» էր լծվել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Անկախ նրանից` ով ինչ տոնայնությամբ է խոսում նրա մասին, ես նրա մասին լավ կարծիք ունեմ: Համաձայն կարող եք լինել կամ չլինել գլխավոր դատախազի փաստարկներին, նրա խոսելու ոճին, ամբիոնի մոտ կանգնելու ոճին, դա ճաշակի հարց է, գուցե իմ կանգնելու ձեւն էլ ուրիշ մարդկանց դուր չի գալիս, դա բնական է»,- նշեց Եսայանը:
Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ իր ելույթում նկատեց. «Այս քննարկումը զերծ չէր պոպուլիստական ելույթներից, եղան ելույթներ, որոնք հերթական ինքնահաստատման ձեւն էին: Փորձ արվեց Facebook-ի իրենց էջում հերթական լայքերը հավաքելու եւ հավաքեց, սակայն այստեղ պետք է կարեւոր լիներ Գեւորգ Կոստանյանի հաշվետվության բովանդակությունը»:
Նշենք, որ ավելի չեզոք ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով քննադատեց ե՛ւ մեծամասնությանը, ե՛ւ ընդդիմությանը: «Սա մասշտաբային քննարկում էր, բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց, պարզապես մենք չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունը՝ ինչ, նույնիսկ քաղաքական մեծամասնության կողմից միտումներ զգացվեցին մի քիչ էլ քննադատել կողքից՝ ցույց տալու, որ մենք էլ ենք ինչ-որ բան անում: Մի առումով պատգամավորներից մեկը հարց ու պատասխանի ժամանակ հետեւյալ խոսքն ասաց՝ եթե հարցեր ունեք, ձեր թիմն է, գնացեք, ձեր ներսում հարցեր տվեք, այսքանով ցուցադրականությունը վերաբերում էր ոչ միայն ընդդիմությանը, այլեւ քաղաքական մեծամասնությանը,- ասաց Սահակյանը եւ հավելեց,- առանձին դեպքերում ինձ թվում է՝ նման մի խնդիր կա. տեսեք, թե պետական չինովնիկին ինչ ասեցի, տեսեք՝ ես ով եմ, ես էն համարձակն եմ, ինչպես Փաշինյանը կասեր՝ էն դուխովն եմ, որ ամեն ինչ առաջ կարող եմ տանել, իհարկե, ժամանակաշրջանն է էդպիսին, այս մշակույթն էլ հետագայում կկարգավորվի»:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաեւ Գեւորգ Կոստանյանը, ով կրկին անդրադարձավ Փաշինյանին: «Հարկ եմ համարում անդրադառնալ որոշ պատգամավորների ելույթներին, ընդ որում, ոչ թե բովանդակության տեսակետից, այլ ձեւի, որովհետեւ այդ ելույթներում ես բովանդակություն չտեսա, դրանք բացարձակ ձեւական բնույթի էին: Պարո՛ն Փաշինյան, չեմ կարծում, որ երբեւէ Ձեզ հետ ինչ-որ հարցի շուրջ մասնագիտական խոսելու հնարավորություն կունենամ՝ գոնե հաշվի առնելով, որ Դուք իրավագիտությունը կարող եք համարել բառակույտ, դա ինձ բերում է այն համոզմանը, որ Դուք աստղագիտությունը կարող եք աստղերի կույտ համարել, իսկ մաթեմատիկան թվերի կույտ»,-ասաց նա:
Հավելենք, որ «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը խորհրդարանն ընդունեց ի գիտություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԳԱՅԼԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ ՄԻ ՈՂՋ ՆԱԽԻՐ
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա գայլերի հարձակում է եղել, ինչի հետեւանքով նա մեծ վնասներ է կրել:
Իսկ մինչ այդ՝ մեկ օր առաջ, գայլերը հարձակվել էին Սոթքի բնակիչ Սմբատ Ստամբուլցյանի 6 ոչխարների վրա, որոնցից 3-ը հոշոտվել եւ սատկել էին, իսկ մյուս 3-ը՝ վիրավորվել: Բոլոր 6 ոչխարները մորթվել էին, իսկ միսը տրվել էր շներին: Նշենք, որ Սոթքի գյուղապետարանն իր միջոցներով գնել է 5 ոչխար եւ տվել Ստամբուլցյանին: Իսկ, ահա, երեկ գայլերը հարձակում են գործել Սոթքում բնակվող Ռուդիկ Բադալյանին պատկանող անասնագոմի վրա եւ հոշոտել 62 ոչխար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց գայլերի հարձակումից տուժած քաղաքացու՝ Ռուդիկ Բադալյանի հետ. «Ես որպես մենատնտես «Ֆինքա» եւ «Կամուրջ» վարկային կազմակերպություններից գումար եմ վերցրել՝ 4 մլն 400 հազար դրամ, որով 100 ոչխար եմ գնել: Ու այսօր հայտնվել եմ նման անելանելի դրության մեջ: Այս պահին օգնության ձեռք մեկնող դեռ չի եղել: Հիմա ինչ եմ անելու, ինչպես եմ այս իրավիճակից դուրս գալու, չգիտեմ»,- հուսահատված նկատեց Բադալյանը:
Տեղեկացանք, որ գայլերի հարձակումից նման խոշոր կորուստներ կրած անասնապահը վնասի փոխհատուցման խնդրանքով դիմել է Սոթքի գյուղապետարան, սակայն նրա խնդրանքը մերժել են` պատճառաբանելով, որ նա Սոթքի բնակիչ չէ, այլ Վարդենիսի: Հետեւաբար իր ոչխարներն էլ գրանցված են Վարդենիսի բազայում: «Ես չգիտեմ, թե այս հարցն ինչպես է լուծվելու: Դեռ ոչ մի արձագանք չկա: Գյուղապետին խնդրել եմ, տեղ է հատկացրել, փոս եմ փորել ու այդ ոչխարներին հողով ծածկել եմ»,- ներկայացրեց տուժած քաղաքացին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե վերջինս ինչ քայլեր է ձեռնարկում քաղաքացուն օգնելու ուղղությամբ: «Մենք հիմա կանոնակարգում ենք այդ աշխատանքները: Մարզպետի հետ ենք զրուցել: Մասնագետները շուտով կգնան, կնայեն, կուսումնասիրեն եւ կհասկանան, թե տվյալ քաղաքացին ինչ չափի վնաս է կրել: Ըստ դրա էլ մենք կկարողանանք փոխհատուցում տալ»,- փոխանցեց քաղաքապետը:
«Ժողովուրդ»-ը կհետեւի այս պատմությանը եւ կտեղեկացնի՝ օգնե՞լ են քաղաքացուն, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԷԼԻ ՀԱՄԱԽՄԲԵՑ ԲՈԼՈՐԻՆ

Երեկ Եռաբլուր պանթեոնում բացվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, վաղամեռիկ Սմբատ Այվազյանի հուշաքարը:

Նա մարդկանց համախմբելու, գաղափարապես առաջնորդելու բացառիկ տաղանդ ուներ: Եւ ինչպես իր կենդանության օրերին, այնպես էլ անգամ հանգուցյալ աշխարհից Սմբատ Այվազյանը իշխանություններին ու ընդդիմադիրներին հավաքել էր իր շուրջը: Երեկ Եռաբլուրում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը եւ էլի շատ պետական ու քաղաքական գործիչներ:
Նրանց բոլորի դեմքին իսկապես թախիծ կար, երբ նայում էին Սմբատ Այվազյանի նորակառույց հուշաքարին: Մեծ ցավ է բոլորիս՝ նրան ճանաչող ու չճանաչողների համար, որ Այվազյանն այլեւս մեզ հետ չէ: Նա մեծ հայ էր, օրինակելի ընկեր, հոգատար ծնող, սկզբունքային գործիչ, անդավաճան հայրենասեր ու պարզապես լավ մարդ:
Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը կյանքից հեռացավ հիվանդության պատճառով. նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, որը չկարողացան բուժել անգամ եվրոպայի լավագույն մասնագետները: Հիվանդությունը նրան ուղիղ մեկ տարի առաջ տարավ մեզանից: Հազար ափսոս:




Լրահոս