ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱԲՍՈՒՐԴԻ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին՝ կիրակի օրը, ՀՀ 9 մարզի 17 գյուղում եւ 3 քաղաքում տեղի ունեցան համայնքի ավագանու եւ ղեկավարի ընտրություններ: Ուշագրավ է, որ ՏԻՄ ընտրություններում վերջին տարիներին արդեն ավանդույթ դարձած օրինաչափությունն այս անգամ էլ չի խախտվել. 21 համայնքներից 17-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները՝ հիմնականում գործող համայնքապետերը: Այս ընտրությունները, սակայն, առանձնացել են մեկ այլ` աբսուրդային նորամուծությամբ. համայնքների իրական բնակիչների ու «նկարված» տվյալների տարբերությունից զատ` ստացվել է, որ շատ համայնքներ բացառապես մեծահասակներով են բնակեցված, իսկ ընտրելու իրավունք չունեցող երեխաների թիվը գրեթե զրոյական է:

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գեւորգյանը: Նա հավաքել է ձայների շուրջ 60 տոկոսը՝ 11.227 քվե: Իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Արթուր Հարությունյանը (Պալաչ), հավաքել է զգալիորեն ավելի քիչ ձայն: Նրա օգտին է քվեարկել 5.459 աբովյանցի, որը կազմում է ձայների շուրջ 31 տոկոսը:
Թե որքանով են արդար ու թափանցիկ ընթացել Աբովյանի ընտրությունները, պարզ է դառնում դիտորդների եւ թեկնածուների շտաբերի արած հայտարարություններից: Մենք կկենտրոնանանք ընդամենը մեկ երկու թվային տվյալների վրա, որոնց համադրումից հստակ կդառնա, որ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ համայնքներում արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Այսպես՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Աբովյանի ընտրողների թիվը կազմում է 43 հազար 810, որից քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 18 հազար 535-ը:
Առաջին հայացքից այս թվերը ոչինչ չեն ասում, բայց եթե դրանք համեմատենք 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2013-ին Աբովյան քաղաքում ընտրողների թիվը կազմել է 42 հազար 452: Այսինքն՝ անցած երկու տարվա ընթացքում, երբ հանրապետության բնակչության թիվը պարբերաբար նվազում էր, Աբովյանում հակառակ գործընթացն էր տեղի ունենում՝ ընտրողների աճ էր գրանցվում: Իսկ այն, որ այդ թիվն իրականության հետ կապ չունի, ապացուցում է մեկ այլ պաշտոնական տվյալ: Ըստ ԱՎԾ-ի՝ Աբովյան քաղաքի բնակչության թիվը 2015 թվականի հունվար-ապրիլին կազմել է 44 հազար 300: Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյան քաղաքում բնակվում է մինչեւ 18 տարեկան, ընտրական իրավունք չունեցող ընդամենը 490 հոգի: Ինչը, մեղմ ասած, անհեթեթ է:
Նույն պատկերն է նաեւ Լոռու մարզի Ալավերդի եւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում: Հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն էր, ընտրվել է` ստանալով 10 հազար 13 ձայն: Նշենք, որ ընտրությանը մասնակցել է 10 հազար 401 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 253, որից 116-ը դեմ են քվեարկել:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ Արտաշատի բնակչության թիվն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 21 հազար 300, իսկ ընտրողների ընդհանուր թիվը՝ 21 հազար 13: Սա այն դեպքում, երբ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կազմել է 20 հազար 974: Եթե Աբովյան քաղաքում, ըստ այս տվյալների, մինչեւ 18 տարեկան ընտրելու իրավունք չունեցող բնակիչները 490-ն են, ապա Արտաշատում էլ ավելի քիչ են` ընդամենը 287 հոգի: Ստացվում է` ծերացող քաղաքներ են, որտեղ չկան երեխաներ եւ պատանիներ: Փառք Աստծո, որ իրականում դա այդպես չէ, սակայն նման տվյալների արձանագրումը պարզապես խայտառակություն է:
Ինչ վերաբերում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքին, ապա այստեղ առաջադրված թեկնածուներից ընտրվել է Կարեն Փարեմուզյանը, ում սատարում էր ոչ միայն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, այլեւ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ալավերդու նորընտիր քաղաքապետը հավաքել է 5141 ձայն, իսկ նրա մրցակից Արթուր Աբգարյանը՝ 3554:
Սակայն Ալավերդու քաղաքապետի ընտրությունները նույնպես աբսուրդ ընթացք են ունեցել. Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հազար 700 բնակիչ, իսկ հունիսի 7-ի ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 16 հազար 474: Նկատենք, որ անգամ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ալավերդիում ընտրողների թիվը չի եղել 16 հազար 474, այլ կազմել է 16 հազար 306: Սակայն այստեղ աբսուրդն այն է, որ Ալավերդիի բնակչությունը, ըստ ԱՎԾ-ի, կազմում է 13 հազար 700, մինչդեռ ընտրությանը մասնակցել է 16 հազար 474 բնակիչ: Թե որտեղից լրացուցիչ 2774 քվեն, հայտնի չէ:
Անդրադառնանք մյուս մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում թեժ մրցակցություն է եղել. այստեղ գյուղապետի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթացել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արծրուն Ղարիբյանի եւ ԲՀԿ-ական Ստեփան Ղազարյանի միջեւ: Արդյունքում՝ վերընտրվել է գործող գյուղապետը՝ հավաքելով 547 ձայն: Իսկ նրա մրցակիցը՝ ԲՀԿ-ական Ստեփան Ղազարյանը, հավաքել է 504 ձայն: Նույն մարզի Աղբերք գյուղում ընտրվել է ՀՀԿ-ական թեկնածուն՝ Վասիլ Աղասարյանը՝ հավաքելով 99 ձայն: Իսկ Գեղհովիտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Վարդան Պողոսյանը՝ հավաքելով 1479 ձայն:
ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը, ով առաջադրվել էր «Հանրապետական» կուսակցության կողմից: Նրան ընտրել է 211 քաղաքացի: Նույն մարզի Հարթավան գյուղում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ժիրայր Ավետիսյանը՝ հավաքելով 356 ձայն: Իսկ, ահա, Տավուշի մարզի Վարագավան գյուղում գործող գյուղապետը չի վերընտրվել, նրան փոխարինել է Արմեն Աբրահամյանը՝ հավաքելով 256 ձայն: Արարատի մարզի Մրգանուշի բնակիչներն իրենց ձայնը տվել են գործող գյուղապետին՝ դաշնակցական Մանվել Սարգսյանին: Նրան ընտրել է 340 մրգանուշցի:
Ամփոփելով հունիսի 7-ին կայացած ՏԻՄ ընտրությունները` ստիպված ենք նշել, որ նման պայմաններում ոչ մի ընտրություն չի կարող արժանահավատ լինել: Անգամ եթե թեկնածուն միակն է եղել: Դատելով վերը ներկայացված տվյալներից` դժվար է ասել՝ ընտրությանը իրական ընտրողնե՞ր են մասնակցել, թե՞ ցուցակներում գրանցված, բայց գոյություն չունեցող քաղաքացիներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս