Հետեւելով ոչ իշխանական դաշտի համախմբմանն ուղղված քաղաքական կոնսուլտացիաների գործընթացին` դժվար է միանշանակ պնդել, թե դրանցում ներգրավված քաղաքական ուժերն ինչ վերջնանպատակ ունեն: Այսօր արդեն միանգամայն տեսանելի է, որ յուրաքանչյուրն էլ այդ կոնսուլտացիաներին մասնակցում է` մտնենք ճակատամարտի մեջ, հետո կերեւա նապոլեոնյան սկզբունքով: Դա, իհարկե, միանգամայն ճիշտ մոտեցում է տվյալ իրավիճակում, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ վատագույն դեպքում անգամ այս գործընթացից կարող են քաղել իրենց համար մինիմալ օգուտներ` առանց էական վնասներ կրելու: Միակ բացառությունը «Բարգավաճ Հայաստան»-ն է, որի կորուստները չհաջողելու դեպքում կարող են լինել նույնքան նշանակալի, որքան ձեռքբերումները` հաջողության դեպքում:
Սակայն դատելով ԲՀԿ-ին զուգահեռ ՀՅԴ սկսած քննարկումների գործընթացից եւ միաժամանակ մի քանի «ճակատով» տարվող քաղաքական այս առեւտրից` կարելի է գրեթե առանց սխալվելու մտավախության կանխատեսել, որ ցանկալի համախմբումը չի կայանալու, եւ առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը զբաղվելու են կոնսոլիդացիան տապալելու մեջ միմյանց մեղադրելով: Ուշագրավ է, որ այս իմաստով բոլոր ուժերն էլ փորձել են հիմիկվանից իրենց ապահովագրել: Օրինակ՝ ԲՀԿ-ին դժվար կլինի մեղադրել կոնսոլիդացիան տապալելու մեջ, քանի որ այդ ուժը կարող է հակադարձել, որ դա ի սկզբանե հենց իր գաղափարն էր, եւ իր կողմից ամեն ջանք ներդրվեց այն իրագործելու համար: Սակայն քանի որ մնացած ուժերն առաջ քաշեցին իրենց կշռին ու կարողություններին անհամարժեք պահանջներ, համախմբումը չկայացավ: Իր հերթին «Դաշնակցություն»-ը կարող է նշել, որ իր նախաձեռնած քաղաքական քննարկումները ոչ թե ԲՀԿ-ի հետ մրցակցելու, այլ վերջինիս առաջարկը լրացնելու նպատակով էին, եւ ըստ էության, ՀՅԴ-ն չէր կարող տապալել համախմբումը մի գաղափարի շուրջ, որի իրագործմանը տարիներ շարունակ ձգտել է: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այստեղ էլ կասեն, որ իրենք ոչ միայն ողջունել են համախմբման առաջ քաշված օրակարգը, այլեւ պատրաստակամություն են հայտնել սեփական «հարթակային» ռեսուրսներով օժանդակել` առաջարկելով զանգվածային միջոցառումներ սկսել այդ ծրագրի իրականացման համար: Իսկ «Ժառանգություն»-ում կնշեն, որ նախագահի արդեն իսկ հայտարարված սեփական թեկնածու ունենալով հանդերձ՝ իրենք մասնակցել են այդ քննարկումներին` այդպիսով կուսակցական շահն ու ամբիցիան անհրաժեշտության դեպքում համախմբման գաղափարին զոհաբերելու պատրաստակամությամբ: (ՕԵԿ-ին ու «Ազատ դեմոկրատներ»-ին, թերեւս, իմաստ չունի հիշատակել` այդ ուժերի գրեթե զրոյական ազդեցությունը հաշվի առնելով): Ուստի հասկանալու համար ներկայիս գործընթացի էությունը՝ պետք է արձանագրել, որ «կոնսուլտացիոն» ուժերի մի մասի համար սեփական կշիռը պահպանելու միակ ելքը կոնսոլիդացիան է, այն դեպքում, երբ մյուս մասի համար այդ ելքը կոնսոլիդացիայի գործընթացի տապալումն է:
ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ